Քաղաքականություն

«Դե, եթե դուխը հերիքում է, թող դնի եւ փոխի երկրի գլխավոր օրենքը, հանի սուպերվարչապետությունը»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Կառավարությունը ներկայացրեց 75 էջից բաղկացած իր ծրագիրը, եւ անմիջապես հնչեցին քննադատական գնահատականներ. արդյո՞ք դա իներցիայի ուժով եղավ, նկատի ունեմ՝ եթե ընդդիմություն եք, պիտի քննադատեք, թե՞ լուրջ քննադատության առիթ կար։

– Կառավարության ծրագիրը պարզ ստորադասական նախադասությունների մի ձեռնարկ է, որը օբյեկտիվ պատճառներով առաջացրեց քննադատության ալիք, իներցիան այսօրվա իշխանավորներին է հատուկ, մերը փաստարկված եւ լուրջ ասելիքն է եւ գործողությունները։ Իրականում, այս կառավարությանը հավատացողները, ինչու՝ ոչ, նաեւ չհավատացողները, ակնկալում էին, որ կլիներ մի չտեսնված-չլսված բան, արմանք-զարմանք, «հեղափոխական»: Բայց ստացվեց սովորական խաբեություն, ինչը վերջին ամիսներին, մոտ 10 ամիս արդեն տեսնում եւ լսում ենք։ Այս ծրագրում չկան արմատական, լրջագույն փոփոխություններ, խոստումներ, չկա այն ճանապարհային ուղենիշը, որը երկիրը պիտի տաներ իրական փոփոխությունների։ Սա ծրագիր է այն մասին, թե ինչպես չի կարելի գրել ծրագիր: Գիտեք, իմ տպավորությամբ, սա աշակերտական այն շարադրությունն է, որի հեղինակին ուսուցիչները երես են տվել, միշտ գովել են, գլուխը շոյել՝ ասելով, որ նա ուժեղ է, «դուխով» է եւ պիտի լավ բան անի: Դե, իսկ աշակերտը երես է առնում եւ անում է, ինչ ուզում է, իրականում՝ ոչինչ չանելով։ Դուխը առերեւույթ կա, բայց տակը դատարկ է, բառեր, բառեր եւ հոխորտանք։ Այս դեպքում ուսուցիչը վարչապետին ձայն տվածների այն հատվածն է, որը առայժմ չի հիասթափվել եւ հավատում է, սակայն, վստահ եմ, շուտով այդ հավատը լրջորեն կսասանվի։

– Դուք նկատի ունեք, որ մարդիկ այլեւս չե՞ն վստահի վարչապետին։

– Դատեք ինքներդ, Փաշինյանը այնպիսի բացահայտումներ արեց, որոնք ամենամոլի հավատացյալին անգամ, եթե սթափության կաթիլ դեռ պահպանել է, շատ է զգաստացնելու։ Օրինակ՝ մարդիկ ի՞նչ են մտածելու այն բացահայտումների մասին, որոնք հնչեցին ԱԺ դահլիճում. պարզվեց, վերջապես գտնվել է, թե մեր երկրում որտեղ է ապաստանել աղքատությունը, եւ այդ տեղը մարդկանց գլուխներն են, եւ, ըստ Նիկոլի, քանի դեռ մարդկանց գլուխներում ապրում է աղքատությունը, նրանք չեն կարող հարստանալ, չեն կարող արժանապատիվ ապրել։ Վերջ, խնդալու կամ լալու պատճառ կարծես չկա։ Կառավարությունը սահուն լվանում է ձեռքերը եւ պահանջում, որ մարդիկ զբաղվեն իրենց գլուխներով եւ դեն շպրտեն աղքատությունը, ստացվո՞ւմ է, որ խեղդվողների փրկության գործը խեղդվողների ձեռքին է։ Ինքն իրեն ազատելով պատասխանատվությունից՝ ամբողջ մեղքը գցում է թոշակառու այն տատիկի վրա, որը մի բուխանկա հաց գնելով եւ դողդողալով խանութից դուրս գալիս մոռանում է պահանջել կտրոնը։ Կեցցե այն կառավարությունը, որն այսօր է եկել, հա՞, մտածե՞նք այսպես եւ հանգիստ նստենք տեղներս։

– Կառավարության ներկայացուցիչները եւ վարչապետն առաջին հերթին, հակադարձելով այն քննադատությանը, թե կառավարության ծրագրում թվերը քիչ են, պնդում են, թե դա չի նշանակում, որ իրենք չունեն վերլուծություններ եւ որոշակիություն։

– Ի դեպ, թվերի մասին, երեկ իշխանական պատգամավորուհիներից մեկը հայտարարեց, թե սա հինգ տարվա ծրագիր է, եւ ուրեմն կա թիվ՝ ահա 5 տարի։ Ասացեք խնդրեմ, եթե դրանք չկան, վաղը ինչպե՞ս պիտի մարդիկ պնդեն՝ կատարե՞լ է կառավարությունը իր ծրագիրը, թե՞ ոչ. եթե չկա կոնկրետ ոլորտներին առնչվող կոնկրետ քարտեզ, ո՞նց պահանջեն դրանց կատարողականը, կառավարությունը պարտավոր է, չէ՞ հաշվետու լինել, ինչպիսի՞ն է լինելու այդ հաշվետվությունը, եւս մեկ շարադրությո՞ւն է բերվելու խորհրդարան։ Եվս մեկ անգամ փորձ է արվելու լվանա՞լ մարդկանց ուղեղները։ Մեկ այլ բացահայտում եւս արվեց այս ծրագրով՝ աշխատելը ավելի լավ է, քան չաշխատելը. սա նիկոլական հերթական «հանճարեղ» բացահայտում է, ինչպիսի գիգանտ բացահայտում, ոնց մինչեւ հիմա գործազուրկները, «օպտիմալացվածները», դեռ «օպտիմալացման» ահը սրտերում մարդիկ չէին հասկացել այս պարզ ճշմարտությունը: Հիշո՞ւմ եք, նախընտրական շրջանում էր կարծես, երբ գյուղացին հերթական հանդիպումներից մեկի ժամանակ դժգոհեց իր սոցիալական վիճակից, վարչապետը ինչ խորհուրդ տվեց՝ ոչխար պահեք։ Այ, սա է այս կառավարության ծրագիրը՝ մարդկանց կոնկրետ ոչինչ չխոստանալը, անփող ծրագիր բերելը, իսկ առանց փողի ոչ մի ծրագիր չի կարող իրականանալ։ Դե, եթե այդքան դուխով էիք, ցույց տվեք նաեւ, թե առաջիկա մեկ տարում, օրինակ, ի՞նչ աղբյուրներից, ի՞նչ ձեւերով եւ որքա՞ն կբարձրանան կենսաթոշակը, միջին աշխատավարձը, որքան կիջնեն առաջին սպառման ապրանքների գները եւ այլն։

– Արդյոք չե՞ք խտացնում գույները, վարչապետը, ԱԺ-ում ներկայացնելով ծրագիրը, հայտարարեց, որ այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է, եւ մարդիկ կտեսնեն արդյունքներ։

– Գիտե՞ք, հեղափոխություն բառը վերջին մեկ տարվա ընթացքում այնքան վարկաբեկվեց, այնքան տեղի-անտեղի չարչրկվեց, որ ես ափսոսում եմ այդ բառը, ի դեպ, կարծեմ ասվեց նաեւ, որ մեր «հեղափոխությունը» նաեւ արտահանվեց, այսքան ինքնահավանություն չի եղել երբեք, ոչ մի վարչապետ այսքան ինքնասիրահարված եւ այսքան գյորմամիշ հայտարարություններ չի արել։ Ախր մեր երկիրը անցած իր ճանապարհին ստեղծել է այնպիսի ապրանքներ՝ գյուղմթերք, թեթեւ արդյունաբերական, սննդի եւ այլն, որոնց արտահանման ծավալները եղել են, ստեղծվել են, կան, եւ յուրաքանչյուր հաջորդ կառավարության պարտականությունը պիտի լիներ մեծացնել, եռապատկել եւ քառապատկել արտահանման ծավալները, խթանել ներդրումները, փող բերել երկիր, բիզնեսները ավելի ազատական դարձնել, իսկ այսօր ունենք փուչիկ, ամպագոռգոռ հայտարարություններ, եւ գագաթնակետը՝ աշխատող մարդու ստեղծած բարիքների արտահանումը խթանելու փոխարեն որոշել են արտահանել ոչ ավել, ոչ պակաս՝ «հեղափոխություն»։ Կառավարության ծրագրում չկան անգամ իրենց իսկ նախկին խոստումների մասին կետեր։ Եթե իրոք սա հեղափոխական կառավարության ծրագիր է, ինչո՞ւ նրանում չկան խոստում, ժամկետներ, օրինակ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, ինչո՞ւ չկա խոստում, այսպես կոչված՝ սուպերվարչապետության «կոստյումը» վերաձեւելու եւ փոփոխելու մասին, ինչո՞ւ չկա բազմաթիվ այս կարգի փոփոխությունների մասին ուղենիշ։ Ես իրավունք ունե՞մ մտածելու, որ երբ տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից ամբողջ էներգիան ծախսում էր այս բաների մասին խոսելով, գոռալով, մատ թափ տալով, ծաղրելով, հիմա, երբ հանգիստ նստել է վարչապետի աթոռին, քթի տակ խնդմնդում է այն միամիտների վրա, որոնք մտածում էին, թե հիմա կգա նա՝ «փրկիչը», եւ ամեն ինչ կփոխի։ Սուպերվարչապետության մասին հարցին պատասխանելիս Փաշինյանն առանց աչքը թարթելու ասաց, որ չպիտի խախտվի պետության կառավարելիությունը, եւ ոչինչ չասաց «կոստյումը» վերաձեւելու մասին։ Եթե ինքն է վարչապետը, ուրեմն կոստյումը ճիշտ ուսերի է, ուրեմն չպիտի խախտվի ոչինչ, «օքե՞յ»։ Դե, եթե դուխը հերիքում է, թող դնի եւ փոխի երկրի գլխավոր օրենքը, հանի սուպերվարչապետությունը։

– Ծրագրում արտաքին քաղաքական կուրսի մասին կարծես նորարարություններ չկան, կառավարությունը գրեթե նույն խոստումներն է տալիս, ինչ ձեր իշխանության ժամանակ ձեր կառավարությունները` եւ ՀԱՊԿ-ի մասով, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում եւ այլն, սա գոնե պիտի գնահատեք։

– Քիչ է մնում ասեմ՝ դուք ասացիք, եւ ես համամիտ եմ, այո, շատ ճիշտ եք նկատել, հատկապես այդ հատվածում կարծես արտագրություն լինի նախկին կառավարությունների ծրագրերից։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ նախկին իշխանությունները այնպիսի խելամիտ արտաքին քաղաքական գիծ են որդեգրել եւ առաջնորդվել դրանով, որ նոր կառավարությունը պարզապես պիտի սա շարունակի, այլ բան անելը, գոնե իրենք էլ հասկացան, իրատեսական չէ։

Վերջում եւս մեկ նկատառում, դուք գոնե պիտի հիշեք, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ բոլոր վարչապետները կառավարության ծրագիրը նախապես քննարկում, վերլուծում էին խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հետ, շեշտում եմ՝ բոլոր, եւ քննարկումներից հետո միայն վերախմբագրված բերում ԱԺ նիստերի դահլիճ։ Սա ազնիվ էր, գործընկերների հանդեպ հարգալից եւ ժողովրդավարական։ Այսօրվա վարչապետը միահեծան, բռնապետին հատուկ ձեւով գրեց ու բերեց ԱԺ եւ հրամայեց՝ հանգիստ նստեք տեղներդ, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քծնանքը, խունջիկ-մունջիկները, դիֆերամբները առ վարչապետ, որ տեսանք նիստերի դահլիճում, հաստատ Գինեսի գրքին արժանի են։ Դուք ասում եք՝ գույները խտացնո՞ւմ եմ, ամենեւին, ես գոնե վստահ եմ՝ հայ մարդը, մեր հասարակությունը բաց աչքերով հասարակություն է, եւ սա երկար չի հանդուրժելու, քամու բերածը քամին էլ կտանի։

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Առնչվող Հոդվածներ