Քաղաքականություն

Ե՞րբ կխոսի Սասուն Միքայելյանը

Պատերազմից հետո տեղի ունեցող բազմաթիվ քաղաքական իրադարձությունների, սահմանազատման ցավոտ որոշումների վերաբերյալ տարակուսելի էր Երկրապահ կամավորականների միության դրսևորած ընդգծված չեզոքությունն ու նրա առաջնորդ Սասուն Միքայելյանի լռությունը: Երկրի պաշտպանության հարցերում երբեմնի գերակտիվություն ցուցաբերող միությունը կարծեք այս պահին ընդհատակում է:

168.am-ը դեռ նոյեմբեր ամսին տեղեկացրել էր, որ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հետվիրահատական բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Արդյո՞ք ԵԿՄ նախագահի լռությունը կրկին առողջական վիճակով է պայմանավորված՝ փորձեցինք ճշտել նրա որդուց՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանից, քանի որ Սասուն Միքայելյանի հեռախոսահամարն արդեն մի քանի ամիս անհասանելի է:

Սևակ Միքայելյանին ուղղված մեր հարցերին, սակայն, պատասխանեց նրա մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ Սասուն Միքայելյանը երկու վիրահատություն է տարել.

«Այս պահին որոշակի առողջական խնդիրներ կան. պրոֆիլակտիկ կերպով այցելություններ է անում հիվանդանոց, բուժումներ է ստանում»:

Խոսնակն այլ մանրամասներ չհաղորդեց:

Նկատենք՝ Սասուն Միքայելյանի վերջին հրապարակային գործունեությունը եղել է դեկտեմբերի 31-ին՝ ԵԿՄ վարչության պաշտոնական էջում տեղադրված ուղերձով։

«Անցնող տարին մեծ ցավ ու կորուստներ պատճառեց հայ ժողովրդին, Հայոց հաղթանակած բանակին: Սկզբում՝ պանդեմիա, ապա՝ պարտադրված պատերազմ: Մեր երիտասարդ սերունդը, մեր արժանավոր հետնորդներն ապացուցեցին, որ նույնիսկ անհնարին թվացող իրավիճակները կարելի է փառքով պսակել:

Այո՛, աշխարհը մեզ մենակ թողեց, բայց մենք աշխարհին ապացուցեցինք, որ հանուն հայրենիքի կյանքը չենք խնայի, որ հայրենիքն ամենաարժեքավորն է: Ինչ տեսակի արգելված զենք, ինչ ուժեր էլ կիրառվեն, մեկ է՝ հայն աշխարհում ապրելու և զարգանալու է»,- իր ուղերձում գրել էր ԵԿՄ վարչության նախագահը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սասուն Միքայելյանին հասցեական ուղերձով էր դիմել պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ մասնավորապես նշելով․

«Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում՝ նաև Դուք… Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը… Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ «Երկրապահ» կամավորականների միությունը, շարունակում եք չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ… Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ…»:

168.am

Առնչվող Հոդվածներ