Քաղաքականություն

Եթե բանակը նախկինում 100%-ով քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկել է ներկա իշխանությանը, բանակն ու ոստիկանությունը հրահանգված են քվեարկել. Սերգեյ Բագրատյան

«ՀՀ ԱԺ-ի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին վարչական ռեսուրսի ազդեցությունը խիստ նկատելի էր:

«Նախկինում, եթե հիշում եք, իշխանությունները տոտալ ներգործության միջոցներ են կիրառում՝ վարչական ռեսուրսը հասցնելով 100% ազդեցության, այս ընտրություններում վարչական ռեսուրս չի կիրառվել, բայց վարչական ռեսուրսի ազդեցությունը խիստ նկատելի էր»,-ասաց  պատգամավորը և բացատրեց, թե խոսքն ինչի մասին է:

Ըստ նրա՝ կա պասիվ և ակտիվ ներգործության մեթոդեր և եթե նախկինները ակտիվ պայման էին կիրառում, ներկաների դեպքում կիրառվել է պասիվ ներգործությունը: «Այսինքն՝  եթե մարզպետը կամ նախարարը մասնակցում են որպես թեկնածու, և չենք կարողացել հանրային գիտակցության վիճակը այնպես բարձրացնել, որ կախվածություն չզգան տվյալ պաշտոնյաներից»,-ասաց նա:

Պատգամավորը մեղադրեց իշխանություններին, որ բանակը և ոստիկանությունը քվեարկել են, ինչպես հանձնարարվել է՝ իշխանություններին: «Արձանագրել եմ, որ բանակը, եթե նախկինում 100%-ով քվեարկում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկում է ներկա իշխանությանը, մտահոգությունն այն է, որ հաջորդ անգամ քվեարկելու է հաջորդ իշխանությանը»,-ասաց նա և նշեց, որ նույնը ոստիկանության դեպքում է:

«Դա ինձ մտահոգում է այն պատճառով, որ ստանանք մի վիճակ, որ այդ կառույցները չկարողանան ազդել ընտրության վրա»,-ասաց նա:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կդժվարանա հիշել աշխարհում որևէ փորձ, որ գործող պաշտոնյաներին և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին կրկին առաջադրվելու սահմանափակումներ լինեն, և բոլոր թեկնածուներն էլ կարող են օգտվեն հավասար հնարավորություններից:

«Չենք կարող կանոնակարգել, որ եթե քաղաքական պաշտոն ունի, այլևս չկարողանա առաջադրվել ու ընտրվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այս կամ այն մարմնին կոնկրետ այս կերպ քվեարկելու մասին հայտարարությանը, ասաց, որ ինքը ձեռնպահ կմնա որևէ դատողություն ներկայացնելուց: «Նախ նման փաստական հանգամանք հանձնաժողովներին հայտնի չէ, երկրորդ՝ ընտրական գործընթացի ժամանակ հետևել եմ, առավելագույնը, բայց այդպիսի փաստարկված մոտեցումներ, որ այս կամ այն մարմինը քվեարկել է հրահանգավորված այս կամ այն կերպ, չի եղել, եթե նման բան լիներ, արձագանք կլիներ հանձնաժողովի կողմից»,-ասաց Մուկուչյանը:

Բագրատյանն արձագանքեց, որ ամենևին չի մեղադրում, ավելի շատ լուծում է ակնկալում, նաև նրա կողմից: «Ես զինվորին կանչել եմ, հարցրել եմ, որին հաճախակի կարողացել ենք օգնել, ասել ենք՝ զինվոր, ո՞ւմ եք քվեարկելու, ասել է՝ պարոն Բագրատյան, մեզ ասել են, որ պետք է «Իմ քայլին» քվեարկենք: Ինձ մտահոգել է այդ հանգամանքը, ես դրա համար եմ  հնչեցնում, դա «Իմ քայլի» հարցն էլ չէ, պետք  է պարզաբանենք: Մարզպետը գնում է հանդիպման և այլևս գյուղապետին հասկանալի է դառնում, որ ինքը պետք է քվեարկի մարզպետի կուսակցության օգտին»,-ասաց նա:

Բագրատյանը նշեց, թե խիստ կասկածում է, որ ոստիկանն ու զինվորը հեղափոխությամբ ոգևորված էր, ինչպես ժողովրդի դեպքում էր, որ միաձայն քվեարկել են իշխող ուժի օգտին: «Պետք է մեխանիզմ գտնել»,-ասաց նա:

Մուկուչյանն իր հերթին նշեց, որ իր հարազատ եղբոր որդին ևս ծառայում է ԶՈւ-ում, և հետաքրքրվել է նույն հարցով. «Հստակ ասել է, որ քվեարկելու են բոլորովին ազատ, ով ինչպես ցանկացել, քվեարկել է, ես որևէ հիմք չունեմ չհավատալու մեր զինվորի ինֆորմացիային»,-ասաց նա:

Հաջորդ ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը,  մինչ իր հարցը հնչեցնելը, նշեց, որ եթե Սերգեյ Բագրատյանն ունի տվյալներ, փաստեր, իրավապահ մարմիններին պետք է տեղյակ պահի. «Որովհետև ծանր մեղադրանք է  հնչում»,-ասաց նա:

Առնչվող Հոդվածներ