Քաղաքականություն

«Եթե Ջոն Բոլթոնի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հաջողությունը սա էր, որ Իրանի հետ սահմանը պետք է փակվի՝ զավեշտալի է»

«Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը՝ հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին։ Այս կապակցությամբ Հայաստանն արդեն Իրանից ստացել է մեկ պատասխան, երբ վերջերս հանդիպում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ Իրանի արտգործնախարարը համաձայնեց այն հայտարարության տեքստի հետ, որը միանշանակ պրո-ադրբեջանական էր՝ կապված Արցախի հիմնահարցի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո հնարավոր է ամեն պահի փակել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում կայացել էր Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը ստորագրել էին հռչակագիր, որտեղ անդրադարձել էին նաև Արցախի հիմնահարցին։ Հռչակագրում ընդգծվել  էր բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում Հայաստանն իրավունք չունի ենթարկվելու որևէ մեկի կամքին ու թելադրանքին, քանի որ Իրանի հետ Հայաստանի հարաբերություները պետք է լինեն միայն բարեկամական։

«Եթե Ջոն Բոլթոնի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հաջողությունը սա էր, որ Իրանի հետ սահմանը պետք է փակվի՝ զավեշտալի է։ Առաջին հերթին մենք պետք է գնահատենք այն ամբողջը, ինչ Իրանն արել է մեզ համար վերջին 30 տարիների ընթացքում։ Պետք է գնահատենք նաև Իրանում հայկական համայնքի այն լավ պայմանները, որոնք ստեղծված են։ Եթե սահմանը փակվի, կնշանակի՝ մենք հարվածի տակ ենք դնում մեր պետությունը»,- շեշտեց Արամ Սարգսյանը և նկատեց, որ հայ-իրանական սահմանից խոսելուց առաջ չպետք է մոռանալ Նախիջևանի գործոնի մասին, որովհետև, եթե Իրանն աչք փակի այն գործողությունների վրա, որոնք Ադրբեջանն իրականացնում է Նախիջևանում, ապա որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ իրավիճակ կստեղծվի։

«Այստեղ շատ վտանգավոր խաղ է գնում, և ամեն կերպ պետք է հրաժարվենք բոլոր այն քայլերից, որոնք ինչ-որ կերպ առաջ կբերեն  հայ-իրանական հարաբերությունների հակասության»,- նշեց Ա. Սարգսյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ ՀԱՊԿ-ում գուցե Հայաստանը պահպաներ գլխավոր քարտուղարի պաշտոնը, եթե Հայաստանի իշխանությունները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ աղմուկ չսկսեին։

Նրա կարծիքով՝ պետք է հետ կանչեին Խաչատուրովին, նրա փոխարեն ուղարկեին այլ մարդու, այնուհետև զբաղվեին Յու. Խաչատուրովի գործով։

«Այս ամենի փոխարեն՝ արեցին հակառակը, և մենք ստացանք այսպիսի արդյունք, ՀԱՊԿ-ում նաև ակնարկեցին, որ ավելի վստահելի մարդ է պետք, ստացվեց, որ Հայաստանը ապտակ կերավ, որ իբրև չենք կարողանում վստահելի կադր ներկայացնել այդ կառույցում։ Քաղաքականության մեջ չի խրախուսվում ձևեր տալ, ասել, թե մենք այսպես ենք։ ՀԱՊԿ-ում հավանաբար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

Գիտենք, որ այդ երկիրն Ադրբեջանի հետ ինչ հարաբերություններ ունի, չեմ կարծում, որ սա Հայաստանի համար մեծ նշանակություն կունենա, քանի որ ՀԱՊԿ-ում գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, բայց ամեն դեպքում մենք կունենանք ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ այդ երկրների հետ, քանի որ Ղազախստանն ու Բելառուսը միշտ աշխատում են հօգուտ Ադրբեջանի»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

Առնչվող Հոդվածներ