Հասարակություն

Ենթադրենք՝ չունեմ աշխատասենյակ, ու բարձրաստիճան պաշտոնյա է գալիս, ես որտե՞ղ եմ իր հետ հանդիպելու, «բուտկա՞» եմ վարձելու. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ում իր աշխատասենյակը ժառանգել է նախկին առաջին տիկնոջից, սովորաբար դա միջազգային պրակտիկա է, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կինն էլ աշխատասենյակ է ունեցել 1991-1992թթ.:

Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց Աննա Հակոբյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե առաջին տիկինն օգտվում է պետական գույքից ու պետության միջոցներից:

Դիտարկմանը, թե այլ մեղադրանք կա, որ պետական գույքն ու միջոցները անձնական նպատակով է օգտագործում, գնացել է պետական շենք, պետությունն է սպասարկում իրեն, Աննա Հակոբյանն ասաց, որ Բաղրամյան 26-ում նախկին առաջին տիկնոջ աշխատասենյակն է ժառանգել, և մինչ վերջերս այնտեղ էր:

«Բայց, ենթադրենք, թե չունեմ աշխատասենյակ կառավարությունում, և ՄԱԿ-ից բարձրաստիճան պաշտոնյա է հյուր գալիս, ես որտե՞ղ եմ իր հետ հանդիպելու, բուտկա՞ եմ վարձում, ի՞նչ եմ անում: Նույնիսկ որոշեցի, որ ամեն օր մամուլի հաղորդագրություն տամ, բայց հասկացա, որ կնոջ ակտիվություն էլ լավ չի ընկալվում հասարակության մեջ: 91-92 թվականից Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը՝ Լյուդմիլա Պետրոսյանը, ունեցել է աշխատասենյակ Բաղրամյան 26-ում»:

Աննա Հակոբյանն անդրադարձավ նաև անվտանգության աշխատակցին, որն ուղեկցում է իրեն ամենուր, և եթե ինքն իր միջոցներով որևէ տեղ գնա, ապա անվտանգության աշխատակիցը պետք է ուղեկցի իրեն, քանի որ այդպես է օրենքով սահմանվում:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե դա չէ հարցը, այստեղ համակարգային խնդիր կա, քանի որ մամուլի զգալի մասը քաղաքական ուժերի ձեռքում է և ֆինանսավորվում է նրանցից, Աննա Հակոբյանը հարմար թիրախ է լինելու միշտ, նա պատասխանեց. «Կարճ ասեմ, այո, քաղաքական ուժեր են ֆինանսավորում մամուլը, դա գաղտնիք չէ, դա նույնիսկ ամբողջ աշխարհում է երևի այդպես, և հետո ամեն ինչ կարելի է անել բարձր մակարդակով:

Այն ամենը, ինչի մասին մենք խոսեցինք, այս ամենը կարելի է հրապարակել բարձր մակարդակով: Ինձ համար, որպես պետության ղեկավարի տիկին, խնդիր է, որ մամուլն ավելի բարձր մակարդակ ունենա»:

Նա նշեց, որ երբ հիմնադրամների մասին գաղափարը կար, ցանկացել է, որ Հայաստանից լրագրողները հնարավորություն ունենան վերապատրաստումների գնալ, ինչու չի ասել այդ մասին, որովհետև մտածել է, որ դա կհամարվի անձնական շահագրգռվածություն, որ իր նեղ մասնագիտական ոլորտն է ուզում զարգացնել, բայց մի օր դա կյանքի կոչվելու է:

Նյութի աղբյուր՝www.tert.am

Առնչվող Հոդվածներ