Քաղաքականություն

«Ես երբեք ինձ թույլ չեմ տա դրոշը կամ օրհներգը ծաղրել». Ալեն Սիմոնյան

«Ես բազմիցս ասել եմ, որ դա օրակարգում չկա, դրա մասին խոսվել է հանրային քննարկում սկսելու համար: Եվ ես համարում եմ, որ հանրային քննարկումը ստացվել է ավելի քան, և մեր հանրությունն իր հետևություններն արել է։ Դա ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր, որի մասին ես ասել եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ օրհներգը փոխելու իր նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկը և ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:

Ըստ նրա՝ դրա արդյունքում ինքը հետևություն է արել, որ գործող օրհներգը ՀՀ բնակչության մեծ մասի սրտով չէ, բայց այլ հարց է, թե ով ում տարբերակն է հավանում՝ Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի կամ Տիգրան Մանսուրյանի. «Մի բան միանշանակ է՝ մենք կոնսենսուս՝ գործող օրհներգի հետ կապված, չունենք»:

Անդրադառնալով իր «գտած միջանկյալ տարբերակին»՝ Սիմոնյանը նշեց, որ արդեն գործընթաց է սկսել, վերջնական տարբերակը կներկայացնի հանրության:

Դրոշի վրա խաչ ավելացնելու իր առաջարկը Սիմոնյանը հումոր չի համարում. «Ես հումոր չէի արել։ Գրվում է մի հոդված կամ ստատուս, և լրատվամիջոցները վերցնում են դրա հետգրությունը, որը «սմայլիկներով» է, և դնում են՝ որպես վերնագիր։ Մեր քաղաքացիները ինֆորմացիայի շատ լինելու պատճառով հիմնականում վերնագիրն ու նկարն են նայում և սկսում են քննարկել, թե ինչ է գրված վերնագրի մեջ, և որևէ բան չեն կարդում, և դա լավ չի։ Դա եղել է հետգրություն, որը եղել է սարկազմ։ Ես համարում եմ, որ ՀՀ դրոշն այսօր միգուցե ամենալավը չի, բայց ինձ համար ընդունելի է»։

Նա հավաստիացրեց, որ երբեք իրեն թույլ չի տա դրոշը կամ օրհներգը ծաղրել։

Աժ փոխնախագահը համաձայնեց ՀՀ առաջին նախագահի հետ, որ այսօր Հայաստանում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, բայց ոչինչ չի խանգարում նման քննարկումներ ևս ծավալել։

Առնչվող Հոդվածներ