Քաղաքականություն

Ես իմ բաժնեմասն եմ վաճառել 40 միլիոն դոլարով, 14 միլիոն դոլար կաշառք եմ տվել Արամ Հարությունյանին. Սիլվա Համբարձումյան

Ես իմ բաժնեմասն եմ վաճառել 40 միլիոն դոլարով, 14 միլիոն դոլար կաշառք եմ տվել Արամ Հարությունյանին, և այդ գումարն ինքս եմ վճարել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը:

«Հիմա հոգիս հանգիստ է, ես երեկվանից հանգիստ քնում եմ, քանի որ հասունացավ այդ պահը, որ Արամ Հարությունյանին կալանավորելու խափանման միջոցով դատախազությունը կմտնի Ազգային ժողով: Բոլորը համոզվեցին, որ ես ճիշտ եմ, այստեղ փողի խնդիրը չէր, այստեղ սկզբունքների խնդիր էր, երբ մի մարդ 2008 թվականից խաբում է, ասում է՝ երկու հարկը շենքի կտա, իսկ 2015 թվականին, երբ մարզպետ էր, ես գնացի մոտը, ասաց՝ գնա՛, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ, ինչ ուզում ես, արեցի»,- ասաց նա, նշելով, որ նոր Հայաստանում, կարծում է, թե կոռուպցիոն համակարգը կամաց-կամաց կվերանա, իսկ նախկինում առանց կաշառքի չէին թողնում աշխատել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես աշխատել այդքան գումար, նա ասաց, որ 90-ական թվականներից մինչև 2015 թվականն է հիմնականում աշխատել, թեև հիմա էլ է աշխատում. «Ես աշխատել եմ դրսում, գումարները բերել եմ, սարքավորումներ եմ ձեռք բերել, գույքերի վրա եմ ծախսել»,- ասաց նա:

Ըստ Սիլվա Համբարձումյանի՝  Հայաստանում կոռուպցիոն գործընթացները սկսվել են 2002-2003 թվականներից, և չկար որևէ գործարք՝ օրինական թե անօրինական, առանց որևէ կաշառքի. «Ես երբեք չեմ առաջարկել կաշառք, եթե իրենք ասել են, ես տվել եմ»:

Սիլվա Համբարձումյանի խոսքերով 40 միլիոնից 21 միլիոնը տվել է կաշառք, ամենաշատը՝ Արամ Հարությունյանին, իսկ մնացած գումարը ներդրում է արել, գնել է հացի գործարանը, որի բացում կլինի շուտով:

Անդրադառնալով հարկերի վճարման մասին հարցին՝ գործարարը նշեց, որ այդ առումով խնդիր չունի և առանց գրանցման ոչ մի աշխատող չունի. «Ես հանգիստ եմ քնել այդ առումով, իսկ կաշառք տալու առումով, իհարկե, հանգիստ չես քնում, քանի որ դու քրտինքով աշխատում ես, իսկ հետո դա պետք է տաս կաշառք, ափսոսում ես տալուց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի,  վերջինս նշեց, որ դեռ ծանուցում չի ստացել, սակայն երբ կկանչեն, ինքն ապացույցներ կներկայացնի: Նա ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ ստորագրություն է տվել, որ այդ թեմայով չի խոսելու: Նա նշեց, որ երկու միլիոն փոխանցել է Սամվել Մայրապետյանին և գույք չի ստացել:

Առնչվող Հոդվածներ