ՀասարակությունՏնտեսական

Եվս 60 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը, այն էլ՝ Գյումրիում

Հայրենական հեղափոխական կառավարությունը, որի ներկայացուցիչները՝ Փաշինյանից մինչև վերջին քայլածը, խոստանում էին նոր աշխատատեղեր, առանց աչք թարթելու կառավարության որոշմամբ սղացրեցին Շիրակի հանրային հեռուստատեսության փակումը, մոտ 60 մարդու, այն էլ Գյումրիում, թողնելով գործազուրկ։

Պաշտոնական մեկնաբանությունները կամ հիմնավորումներն առնվազն ծիծաղելի են։ Հիմնական կռվանն այն է, որ հեռուստատեսությունը չի ունեցել լայն լսարան, քանի որ թվայնացված հեռուստատեսության դարում, հանդես է եկել անալոգային հեռարձակմամբ, և հետևաբար, եթե չունի լսարան, պահելն անիմաստ է։

Շուկայագիտության տեսանկյունից գուցե և նման հիմնավորումը ճիշտ է։ Բիզնես տեսակետից էլ։ Բայց կառավարությունը բիզնես կազմակերպություն չէ կամ կորպորացիա, որն անցնում է վերակառուցման փուլ և իր ոչ շահութաբեր կամ քիչ շահութաբեր ստորաբաժանումներից ազատվում։ Կառավարությունը նախ և առաջ այն կառույցն է, որպես գործադիր իշխանություն իրականացնող մարմին, որը ձևավորվել է նաև Շիրակի Հանրային հեռուստատեսության աշխատակիցների ձայների շնորհիվ։

Չմոռանանք, որ այնտեղ աշխատող մոտ 60 հոգին մոտ 60 ընտրող է։ Հետևաբար, ստացվում է, որ ընտրելով Փաշինյանին ու նրա քաղաքական ուժը՝ մարդիկ, պարզ ասած, ստորագրել են գործազուրկ և կիսաքաղց ապագա ունենալու հեռանկարի ներքո, ինչպես, օրինակ, Մշակույթի և Սփյուռքի կամ վերակազմավորվող մյուս նախարարությունների աշխատակիցները, որոնց գլխին ևս կախված է գործազրկության դամոկլյան սուրը։

Կան, սակայն, որոշակի տարբերություններ Շիրակի Հանրայինի աշխատակիցների և, օրինակ, նախարարությունների մասնագետների միջև։ Նախ, փակվող նախարարությունների աշխատակիցներն ապրում են Երևանում, որտեղ այլ աշխատանք գտնելու հնարավորությունը, թեկուզ ոչ համարժեք, բայց քիչ թե շատ հնարավոր է, իսկ ահա Գյումրիում, որտեղ գործազրկությունն ունի ամենաբարձր մակարդակը, որտեղ սոցիալական պատկերն ամենամռայլն է, օրինակ՝ օպերատորի կամ մոնտաժողի համար այնքան էլ հեշտ չի լինի փոխարինող աշխատանք գտնելը։

Լրագրողներն, իհարկե, կարող են մի կերպ խցկվել երևանյան տարբեր լրատվականներ՝ որպես մարզային թղթակիցներ, մի կերպ գլուխը պահել, սակայն սա էլ հարցի լուծում չէ։

Ի վերջո, այն էլ հիմա, երբ հասարակական-քաղաքական դաշտը հիմնականում կենտրոնացած է Երևանում և պտտվում է մեկ անձի շուրջ, կամաց-կամաց վերաճելով անձի պաշտամունքի, բոլոր լրատվականները չէ, որ հետաքրքրված են Գյումրիով կամ Շիրակի մարզով։ Չենք խոսում նաև այն մասին, որ զուտ համագործակցության մասով արդեն որոշակի կապեր ու հարաբերություններ առկա են և հիմնական լրատվական հոսքերը հասնում են Երևան։

Ինչ է ստացվում․ այն, որ ժողովրդին բարեկեցիկ կյանք խոստացող Փաշինյանն ու իր թիմը ևս 60 ընտանիքի վաղվա օրը մի կտուր հաց ունենալու հույսը դրեց հարցականի տակ։

Այստեղ արժե հիշեցնել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը, Սահմանադրության 1-ին անփոփոխելի հոդվածի հիմքով ունի որոշակի սոցիալական պարտավորվածություն որպես սոցիալական պետության ղեկավար՝ նաև այդ 60 հոգու առաջ։

Առնչվող Հոդվածներ