Մշակույթ

Երգչուհի MARUV-ը, որից պահանջել էին հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից, «Եվրատեսիլ 2019»-ում Ուկրաինան չի ներկայացնի

Երգչուհի MARUV-ը, որը ազգային ընտրության արդյունքներով պետք է ներկայացներ Ուկրաինան «Եվրատեսիլ 2019»-ում, մրցույթին չի մասնակցի, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հեռուստաընկերությունն ու երգչուհին այդպես էլ չեն ստորագրել մրցույթին նրա մասնակցության պայմանագիրը՝ առկա մի շարք անհամաձայնությունների պատճառով:

Հայտնի է, որ ավելի վաղ MARUV-ին պայման էր առաջադրվել «Եվրատեսիլում» Ուկրաինան ներկայացնելու դեպքում հրաժարվել ռուսաստանյան համերգային շրջագայությունից:

«Եթե երգչուհին ցանկանում է ներկայացնել Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, ապա պետք է կատարի Հանրային հեռուստաընկերության հետ կնքվող պայմանագրի պահանջները: Դրանցից մեկը Ռուսաստանում կայանալիք համերգներից հրաժարվելն է»,- նշել էր Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Վիկտորյա Սիդորենկոն:

Հիշեցնենք, որ MARUV կեղծանվամբ երգչուհի Աննա Կորսունը հաղթող էր ճանաչվել մրցույթի ազգային ընտրության արդյունքներով:

Առնչվող Հոդվածներ