Քաղաքականություն

«Երկիր Ծիրանին» լքած Մարինա Խաչատրյանը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը հսկայածավալ գործ է արել հայրենիքի համար․ նա ԲՀԿ-ի ցուցակում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

«Երկիր Ծիրանի» կուսակցության շարքերը լքած Մարինա Խաչատրյանը ԲՀԿ-ի ցուցակում է՝ 24-րդ համարում․ «Ե՛վ իմ ծրագրերը, և՛ ԲՀԿ-ի ծրագրերը նույն ուղղությամբ էին գնում։ Արդեն ժամանակն է, որպեսզի մենք կառուցենք մեր երկիրը, և այդ սկզբունքը ես տեսա ԲՀԿ-ի ծրագրում, լավ ուսումնասիրեցի Գագիկ Ծառուկյանի կատարած աշխատանքը և տեսա, որ հսկայածավալ գործ է արել նա մեր հայրենիքի համար», – Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչու համաձայնվեց ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում, ասաց Մարինա Խաչատրյանը։

Վերջինս իր նոր հիմնած «Արժանապատիվ Հայաստան» կուսակցությամբ չմասնակցեց ընտրություններին, քանի որ կուսակցությունը չուներ իրավական գրանցում։ Մարինա Խաչատրյանը նաև անդրադարձավ Գոռ Վարդանյանի և իր միջև եղած միջադեպին։ Հարցինք, թե ինչ փոխվեց, որ ամիսներ առաջ Մարինա Խաչատրյանը հայտարարում էր, թե Գոռ Վարդանյանը իրեն բռնության է ենթարկել, իսկ հիմա ասում է «փրկել է», Խաչատրյանը պատասխանեց․ «Ես չեմ ասել փրկել է, այլ ասել եմ պաշտպանել է»։ Ըստ Խաչատրյանի այդ հրմշտոցի արդյունքում ինքը կարող էր քաղաքապետարանի հինգերորդ հարկից վայր ընկնել, բայց Գոռ Վարդանյանը պաշտպանել է իրեն, և այդ օրվա միջադեպը անդառնալի հետևանքներ չի ունեցել։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ապակյա տարաներով կոյուղաջուր էր փորձում մոտեցնել Տարոն Մարգարյանին, որից հետո ավագանու նիստը վերածվեց ծեծկռտուքի։ Գոռ Վարդանյանը Մարինա Խաչատրյանին գրկած հեռացրեց դահլիճից, վերջինս հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն կիրառողների շարքում է նաև Գոռ Վարդանյանը, իսկ այսօր արդեն, ասում է, որ հետահայաց նայելով կարող է փաստել՝ նա պաշտպանել է իրեն։

Առնչվող Հոդվածներ