Առողջություն/Բժշկություն

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին հուշող ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս միայն գիշերվա ժամերին


Երկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որը դրսևորվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով։ Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների, ինչի պատճառով էլ մարդիկ այն հայտնաբերում են շատ ուշ, սակայն խնդիրն այն է, որ շաքարային դիաբետը չբուժելու դեպում կարող են ի հայտ գալ բավական վտանգավոր խանգարումներ, այդ թվում՝ սրտամկանի, անոթների, նյարդերի, տեսողության օրգանների ու երիկամների ախտաբանություններ։

Այս հիվանդության հետևանքով զարգացող լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակն ու անպայման ուշադրություն դարձնել այդ ցուցանիշի մասին նախազգուշացնող ախտանշաններին։ Որպես կանոն մարդիկ առաջին հերթին նկատում են շաքարային դիաբետի «դասական» ախտանշանները, սակայն բրիտանական Diabetes UK կազմակերպության մասնագետները ներկայացրել են նաև այն ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս միայն գիշերը և երբեմն աննկատ են մնում։

Ինչպես նշում են փորձագետները, երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին կարող է հուշել երեք ախտանշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել։ Այդ ախտանշաններից մեկը քնի հետ կապված խնդիրներն են, որոնք պայմանավորված են լինում նրանով, որ հիվանդների օրգանիզմը չի կարողանում բնական ճանապարհով կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ այս տարրի ավելցուկն օրգանիզմում կարող է դառնալ քնի խանգարման պատճառ։

Մասնագետների խոսքով՝ հանգստանալու և քնելու փոխարեն օրգանիզմն ակտիվ կերպով փորձում է արյան մեջ կուտակված շաքարը փոխակերպել էներգիայի, ինչի հետևանքով մարդու քունը խանգարվում է և նա դառնում է անբնական ակտիվ ու դյուրագրգիռ։

Բացի այդ, այս ամենի հետ մեկտեղ կարող է նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով սենյակում օդի ջերմաստիճանը սովորականից բարձր կթվա և ի հայտ կգան տհաճ զգացողություններ։

Մյուս ախտանշանը, որը հաճախ է գիշերվա ընթացքում անհանգստացնում շաքարային դիաբետով հիվանդներին, հաճախամիզությունն է։ Սա համարվում է շաքարային դիաբետի «դասական» ախտանշաններից մեկը, որը պայմանավորված է լինում երիկամների չափազանց ինտենսիվ աշխատանքով։ Այս կերպ երիկամները փորձում են դուրս բերել ավելորդ շաքարն օրգանիզմից, սակայն խոնավության ինտենսիվ կորուստը հանգեցնում է նաև ծարավի զգացման, որը չի կարելի անտեսել։

Մասնագետները նախազգուշացնում են, որ հաճախամիզության դեպքում օրգանիզմը ջրազրկվում է և ընդամենը մի բաժակ ջուր խմելը կարող է բավական չլինել ինքնազգացողության բարելավման համար։ Սա է պատճառը, որ հաճախամիզությունից ու ծարավի զգացումից բացի այս հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև սաստիկ հոգնածությամբ, որը չունի որևէ լուրջ պատճառ։

Նյութի աղբյուրը՝ Express Health

Առնչվող Հոդվածներ