Քաղաքականություն

Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա. վարչապետի խոսնակ

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։Նշենք, որ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները։ Նրա խոսքով` դրա համար Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:

«Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի։ Հայկական կողմի համար այս պահին առաջնայինը հենց զինադադարն է»,–ասել է Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը կհավատա Ալիևի մտադրությանը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը կդադարեցնի կրակը։ Բայց այս ամենը պետք է տեսնել, ըստ էության, ոչ թե միայն խոսքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մանե Գևորգյանը նշել է, որ Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշել է նա:

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ընդգծեց Մանե Գևորգյանը:

Առնչվող Հոդվածներ