Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա արած՝ 7 երեխայի մոր բնակարանի հարցը չի լուծվել, տանտերը պահանջում է լքել բնակարանը:

Ես նորից հիմա իմ երեխաներին վերցնում եմ, նորից գամ Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիաս շարունակելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը, ով 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց էր սկսել:

7 երեխա ունեցող ընտանիքը Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց է սկսում՝ բնակվելու տեղ չունենալու պատճառով: (https://www.tert.am/am/news/2019/03/07/Sargsyan/2942115) Այնուհետև ընտանիքը դադարեցրել էր նստացույցը, քանի որ վարչապետի աշխատակազմից խոստացել էին, որ երկուշաբթի օրը բնակարանի վարձը կվճարեն, բնակարանի տերն էլ թույլ էր տվել, որ նրանք շարունակեն բնակվել այդտեղ: (https://www.tert.am/am/news/2019/03/10/Family/2943871)

«Տանտերն էր զանգահարել, ես զանգեցի Էջմիածնի քաղաքապետարան, որ տեղեկանամ` որ ժամին կարող եմ այդ գումարը վերցնել, կամ այդ կինը` տանտերը, երբ պետք է մոտիկանա, գումարը վերցնի, որ ինձ թողնեն այս տան մեջ բնակվել: Ինձ ասացին` մենք դեռ գումարը չունենք, մոտ օրերս այդ հարցը կլուծվի»,- տեղեկացրեց Մարինա Սարգսյանը:

Նա նշեց, որ տան տիրոջը փոխանցել է քաղաքապետարանի պատասխանը, և տանտերն ասել է՝ այսօր ազատի բնակարանը: «Քաղաքապետարանի համարը տվեցի, տանտերն է զանգահարել իրենց, Էջմիածնի քաղաքապետարանից ասել են, որ երկու օր համբերեք, մենք էս հարցին լուծում կտանք: Իսկ տանտերն էլ երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ, ասում է` չէ որ չէ, ես պիտի անպայման դուրս գաք այս բնակարանից»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ նորից երեխաներին վերցնում է, գնա Երևանի քաղաքապետարանի մոտ:

«Հիմա էջմիածնի քաղաքապետարանի աշխատողն ասում է` մենք ասել ենք երկուշաբթի, բայց ո՞ր երկուշաբթի օրվա մասին է խոսքը»,- ասաց նա:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը խնդրի մասին Tert.am-ին հայտնեց հետևյալը. «Այդ կնոջը (բնակարանի տիրոջը /խմբ./) վարչապետի աշխատակազմից զանգելու են, կապվելու են:

Դեռ ժամը 12:30 է, դեռ աշխատանքային շաբաթը նոր է սկսվել»:

Ամալյա Առաքելյան

tert.am

Առնչվող Հոդվածներ