Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովի նման կադրը պետք է մնար իշխանությունում․ Լիլիթ Կարապետյան

Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարությունը, որ Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնում:

«Բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ, երգչուհիները, օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն: Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել էր Դավիթ Անանյանը: Այս հայտարարությունը հայ երգիչ-երգչուհիների շրջանում դժգոհություններ առաջացրեց:

Armdaily.amի հետ զրույցում երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում այդ հարկատեսակը կա, սակայն մեր երկրում դեռ չի հասունացել այդ պրակտիկան:

«Ես կարծում եմ, որ մենք դեռ այնքան չենք հասունացել, որ նման օրենքներ գործածենք: Դա չոր ու ցամաք այդպես չի ասվելու, որ երգիչներն էլ ձեռք ձեռքի տված գնան մուծեն: Արտերկրում, օրինակ, խորամանկությամբ կարողանում են այդ հարկերը այնպես վերցնել, որ մարդիկ չեն էլ նեղվում հարկերը վճարելուց, առավել ևս երգիչների դեպքում: Բայց մեր դեպքում, պետությունը ոչինչ չի արել երգիչների համար: Եվ ոչ միայն երգիչների՝ ճանաչված մարդկանց, առհասարակ, պետությունը չի խրախուսել»,-ասաց երգչուհին:

Լիլիթ Կարապետյանը 9 տարեկանից շոու բիզնեսում է, 11-12 տարեկանում արդեն թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: Երգչուհու խոսքով՝ ամբողջ կարիերայի ընթացքում պետությունը իրեն ոչնչով չի օգնել, և երգ թողարկելու բոլոր ծախսերն ինքն է հոգացել:

«Ես երկրից վարկ չեմ վերցրել, երկիրը ինչ-որ մի կերպ ձեռք չի մեկնել: Ես երկրին որ ինչ պիտի վճարեմ, երբ իմ բոլոր ծախսերն ինքս եմ հոգացել: Եվ գործիքավորողի բավականին աստղաբաշխական գումարը ես ինքս եմ վճարում, և ձայնագրման համար, և երգը գրելու համար ես իմ գրպանից եմ վճարում: Այսինքն այդ ամեն ես իմ ուժերով անեմ, մի բան էլ պետությանը հարկ տա՞մ: Այս պարագայում պետությունը ո՞վ է: Ես, ճիշտ է, այս երկրի քաղաքացի եմ, համարում եմ, որ իմ երկրի համար շատ բան են արել: Մազերիս չափ զորամասերում, մանկատներում, ծերանոցներում երգել եմ, տարբեր բարեգործական համերգներ եմ տվել»,-ասաց Լիլիթ Կարապետյանը:

Համեմատելով նախկին և ներկայիս իշխանությունները՝ երգչուհին նշեց, որ թե հեղափոխությունից առաջ, թե հետո իր կյանքում ոչինչ չի փոխվել, պարզապես դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ երգչուհու առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծվել:

«Թիվիներում բավականին երկար տարիներ երկար ցուցակներ են եղել, որտեղ նշված էին այն երգիչ երգչուհիները, ովքեր չպետք է ելույթ ունենային: Այդ ցուցակներում ես առաջին հորիզանականում էի: Եվ այսպես տարիներ շարունակ իմ գործի գլխին քար են գցել»,-ասաց երգչուհին՝ իր հանդեպ իշխանության նման վերաբերմունքը պատճառաբանելով, որ ժամանակին Լիլիթ Կարապետյանի և նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի անունները շատ էին հնչում:

«Եվ մենք խանգարող հանգամանք էինք այն երգիչների համար, ովքեր դեռ նոր պետք է ասպարեզ գային»,- ասաց երգչուհին: Խոսելով ներկայիս կառավարության մասին՝ Լիլիթ Կարապետյանը այն համեմատեց շոու բիզնեսի հետ, նշելով, որ չի ցանկանա`շատ նոր երգիչների նման իշխանության ներկայացուցիչների «աստղայինը տանի»:

«Ես որպես քաղաքացի, որպես հանրային մարդ և հայ տղայի մայր շատ սխալներ եմ տեսնում մեր կառավարության մեջ: Ես այնքան կուզենայի, որ այս նոր կառավարությունը լեզու գտներ նախկին կադրերից այն մարդկանց հետ, ովքեր իսկապես պետք են մեզ: Ես չեմ դադարի ասել, որ Էդուարդ Շարմազանովի նման կադրը մնար իշխանությունում: Մեր իշխանությունները ցանկացած քայլի պետք է գնան, որպեսզի այդ խելացի մարդկանց օգտագործեն հօգուտ իրենց երկրի շահերի: Ես շատ ափսոսում եմ Էդուարդ Շարմազանովին: Նա շատ նվիրված մարդ է: Ես նույնիսկ իր արարքը ճիշտ եմ համարում, որ նա իր քաղաքական ուղղվածությունը չփոխեց՝ մնալով հավատարիմ: Ես գտնում եմ, որ Շարմազանովին հնարավոր է կառավարությունում տալ ինչ-որ մի գործ, որը իրեն հարմար կլինի: Եվ ոչ միայն Շարմազանովին, այլ նախկին կառավարության մի շարք այլ կադրերի»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ հիմա իշխանության են եկել հում, գործից լավ չհասկացող երիտասարդներ, ովքեր ավելի փորձառուների կողքին կարող են աճել և փորձ ձեռք բերել:

Արփինե Պետրոսյան  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am

Առնչվող Հոդվածներ