Հասարակություն

Էլիզա Մուրադյանի տպավորիչ ելույթը «Միսս տիեզերքում» և Գոհար Հարությունյանի հիացմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

«Միսս Տիեզերք» մրցույթում այս տարի ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանը։ 25–ամյա Էլիզա Մուրադյանը ներկայացրեց մեր երկիրն ու չնայած մրցութային տեղ չզբաղեցրեց, մոդելն աչքի ընկավ ինքնավստահ կեցվածքով, խոսքով։ Գոհար Հարությունյանը, որի կազմակերպած «Միսս հայուհի» մրցույթին էր վերապահված «Միսս Տիեզերքում» Հայաստանի ներկայացուցչին ընտրելու իրավունքը, նշեց, որ հիացած է մրցույթով և Էլիզայի մասնակցությամբ։

Tert.am Life–ը զրուցել է Գոհարի հետ, որը դեռ գտնվում է Թաիլանդում, որտեղ կայացավ «Միսս տիեզերքը»։ Այս տարի մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը: Գոհարի խոսքով` նրա հաղթանակը շատ կանխատեսելի էր։

«Ըստ իս` ամեն ինչ շատ արդար էր։ Ինձ համար ավելի հասկանալի էր, թե «Միսս Տիեզերքն» ինչ է ուզում։ Բոլոր աղջիկներն ունեին պատմություն, շատ ազատ ու արագ էին արտահայտում իրենց մտքերը, իհարկե, արտաքինի հետ համատեղ»,– ասաց Գոհարը և նկատեց, որ ինքը պարզապես հիացած է այս մրցույթով և հպարտ Հայաստանի ներկայության համար:

 

Էլիզայի ելույթը դրական գնահատականի արժանացավ նաև Հայաստանում։ Գոհարի խոսքով` ինքն անչափ երջանիկ է, որ «Միսս Տիեզերքում» Հայաստանի առաջին մասնակիցը հենց Էլիզան է։

«Նա շատ մեծ պատվով ներկայացրեց մեր երկիրը բոլոր առումներով և՛ բեմական կեցվածքը, և՛ իր բնավորությունը, և՛ ներկայանալի խոսքը։ Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ արտակարգ և հումորով պատասխանեց հարցերին։ Էլիզան ամբողջությամբ ինքնուրույն ապահովում էր իր հարդարանքը, ամբողջ ընթացքում բոլորի հանդեպ բարեհամբյուր էր»– ասաց Գոհարը` շեշետելով, որ դա շատ կարևոր է։

Հարցին` չէ՞ր տխրել որ չընդգրկվեց լավագույն 20 աղջիկների շարքում, գոհարը պատասխանեց. «Էլիզան հասուն ու հավասարակշռված աղջիկ է, ինչո՞ւ պետք է տխրեր։ Կարծում եմ` իր սենյակակիցի` Ռուսաստանի ներկայացուցչի համար տխրած կլինի, քանի որ նա նույնպես արժանի էր։ Ամենակարևորը` Էլիզան տեսնում և գնահատում է դիմացինի գեղեցկությունը ևս։ Այնտեղ շատ գեղեցիկ աղջիկներ կային, որոնք  չընդգրկվեցին լավագույն 20–ի մեջ։ 74-ը մնացին միայն հիանալի հիշողություններով,– ասաց Գոհարը և հավելեց, որ մրցույթից հետո Էլիզայի հետ շփվելու առիթ շատ չի ունեցել։ –Աղջիկները շատ ծանրաբեռնված էին եղել։  Հիմա նրանք հանգստանում են, երեկոյան կհանդիպենք պարահանդեսին ու խոսելու առիթ կունենանք»։

Գոհարը հույս հայտնեց, որ հայ աղջիկները կոգևորվեն և կկատարելագործվեն` ամեն տարի մեր երկիրը լավագույնս ներկայացնելու այս մրցույթում։ Նրա խոսքով` միայն այդ դեպքում կարող ենք հավակնել նաև մրցանակային տեղերի։

 

Առնչվող Հոդվածներ