Հասարակություն

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի:

Կեսգիշերին Փարիզի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կմարվի՝ ի հիշատակ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվածների: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Ի նշան այդ հարձակման զոհերի հանդեպ հարգանքի՝ կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը», — իր թվիթերյան էջում գրել է Իդալգոն:

Հիշեցնենք, որ ուրբաթ ավելի վաղ Քրայսթչերչ քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով 49 մարդ է զոհվել, ևս 48-ը վիրավորվել են, որոնցից 20-ի վիճակը ծանր է:

Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության գործով 4 կասկածյալի ձերբակալության մասին: Նրանցից մեկին սպանության մեղադրանք է առաջադվել: Երկրի իշխանությունները հարձակումը որակել են որպես ահաբեկչություն:

Առնչվող Հոդվածներ