Տնտեսական

Թվերով. ինչ է փոխվել մենաշնորհների շուկայում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին, ապա հուլիսի 30-ին հայտարարեց, որ Հայաստանում չպետք է լինեն մենաշնորհներ եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր. 

«Շուկայի հասանելիության խնդիրներ պետք է չլինեն, բայց ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո»։

Banks.am-ը գնացել է հայտարարության հետքերով՝ պարզելու, թե ինչ է փոխվել վերջին երեք եռամսյակում (2018թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. սեպտեմբերի 30) չորս ապրանքատեսակների շուկայում, որոնք Հայաստանում համարվում էին մենաշնորհային՝ շաքարավազ, բանան, բենզին, կարագ:

Ներկայացնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տրամադրած տվյալները: 

2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներկրվել՝

19 084.3 տոննա շաքարավազ,
16 069.6 տոննա բանան,
90 466.3 տոննա դիզելային վառելիք,
2 550.2 տոննա կարագ։

2017-ի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի սեպտեմբերի 30-ը նշյալ շուկաներում հետեւյալ պատկերն է եղել՝

— շաքարավազ՝ 62 կազմակերպություն/անհատ,
— կարագ՝ 33 կազմակերպություն/անհատ,
— բանան՝ 31 կազմակերպություն/անհատ,
— բենզին՝ 4 կազմակերպություն/անհատ:

2018-ի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի սեպտեմբերի 30-ը՝

— շաքարավազ՝ 67 կազմակերպություն/անհատ (ավելացել է 5-ով),
— կարագ՝ 43 կազմակերպություն/անհատ (ավելացել է 10-ով),
— բանան՝ 24 կազմակերպություն/անհատ (նվազել է 7-ով),
— բենզին՝ 5 կազմակերպություն/անհատ (ավելացել է 1-ով):

Շաքարավազ

Շաքարավազի շուկայում գերիշխող է մնում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն։ 2018-ի հուլիսի դրությամբ շուկայում ընկերության ներմուծման մասնաբաժինը կազմել է 78%։

2014-ին ընկերության մասնաբաժինը 94,4% էր,
2015-ին՝ 91%,
2016-ին՝ 99,6%,
2017-ին՝ 97%։

Շաքարավազի միջին գինը 2014-ին եւ 2015-ին կազմել է 350 դրամ (36 եւ 39 ներմուծող),
2016-ին՝  366 դրամ (43 ներմուծող),
2017-ին՝ 372 դրամ (85 ներմուծող),
2018-ին՝ 326 դրամ (62 ներմուծող, հունվար-հուլիսի դրությամբ):

Կարագ

2018-ի հուլիսի դրությամբ կարագի շուկայում ներմուծումների 49%-ը պատկանել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին, որը հիմնականում ներկրում է «Նոր Զելանդական» եւ «Անքոր» ապրանքանիշի կարագները։

2014-ին շուկայում ընկերության մասնաբաժինը 74% էր (24 ներմուծող),
2015-ին՝ 69% (30 ներմուծող),
2016-ին՝ 62% (39 ներմուծող),
2017-ին՝ 56% (44 ներմուծող),
2018-ին՝ 49% (57 ներմուծող, հունվար-հուլիսի դրությամբ):

«Նոր Զելանդական» կարագի 1 կգ-ի միջին գինը 2014-ին եւ 2015-ին կազմել է 2467 դրամ, 2016-ին՝ 2704 դրամ, 2017-ին՝ 3651 դրամ, 2018-ին՝ 4384 դրամ։

«Անքոր» կարագի գնային տատանումներն ունեցել են հետեւյալ պատկերը՝ 2014-ին եւ 2015-ին կազմել է միջինը 2868 դրամ, 2016-ին՝ 2886 դրամ, 2017-ին՝ 4510 դրամ, 2018-ին՝ 4610 դրամ։

Բանան

2018-ի հուլիսի դրությամբ Հայաստանում բանանի շուկայում ներմուծումների 56%-ն իրականացրել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն։

2014-ին ընկերության մասնաբաժինը 92% էր (9 ներմուծող),
2015-ին՝ 78,6% (16 ներմուծող),
2016-ին՝ 57,1% (40 ներմուծող),
2017-ին՝ 57% (42 ներմուծող),
2018-ին՝ 56% (21 ներմուծող, հունվար-հուլիսի դրությամբ)։

Բանանի 1 կգ-ի միջին գինը 2014-ին եւ 2015-ին կազմել է 905 դրամ,
2016-ին՝ 831 դրամ,
2017-ին՝ 669 դրամ,
2018-ին՝ 705 դրամ։

Բենզին

2018-ի հուլիսի դրությամբ Հայաստանում բենզինի շուկայի գերիշխող դիրք են ունեցել երկու ընկերություն՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 31%, եւ «Սի փի էս օիլ» ՍՊԸ-ն՝ 54% մասնաբաժիններով։

2014-ին եւ 2015-ին երկու ընկերությունների մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 48% եւ 52% (2 ներմուծող):

2016-ին ավելացել է մեկ ներմուծող:  «Ֆլեշ» ՍՊԸ-ի մասնաբաժինը կազմել է 36%, «Սի փի էս օիլ ՍՊԸ»-ինը՝ 61% (3 ներմուծող)։

2017-ին ներմուծողները դարձել են 4-ը։ «Ֆլեշ» ՍՊԸ-ն ներմուծել է բենզինի 43%-ը, «Սի փի էս օիլ ՍՊԸ»-ն՝ 49%-ը։

2018-ի հուլիսի դրությամբ ներմուծողների թիվը կրկին 4-ն էր։ «Ֆլեշ» ՍՊԸ-ն ներմուծել է բենզինի 31%-ը, «Սի փի էս օիլ ՍՊԸ»-ն՝ 54%-ը։

Բենզինի միջին գինը 2014-ին, 2015-ին եւ 2016-ին կազմել է 370 դրամ,
2017-ին՝ 384 դրամ,
2018-ին՝ 447 դրամ։

Լուսին Մկրտչյան

Առնչվող Հոդվածներ