Քաղաքականություն

Իմաստը ո՞րն է, որ քրքրում եք հարցերով, ընդամենը հանձնաժողովի նախագահ ենք ընտրում. մեր ընտրողները մեզանից արագություն են պահանջում. Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանի ելույթն արժանացավ ԱԺ պատգամավորների ծափողջյուններին:

Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը ցանկանում էր խոսել հանձնաժողովի գործառույթների մասին, ինչպես օրինակ` համայնքների միավորման կարևորության, մարզպետների դերի և նրանց անկարևորության, բնապահպանական տարբեր խնդիրների մասին կամ գյուղատնտեսության խնդիրների մասին, բայց մտափոխվեց:

«Շատ կարևոր բան կա, որ արդեն չորս օր իրար հետ քննարկում ենք: Եթե մենք փորձենք գումարել մեր այս չորս օրվա կատարած աշխատանքը և հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթի իրավունք: Հիմա յուրաքանչյուր  հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել յոթ օր, և հաշվի առնենք, որ մենք 15 մարդ ենք ընտրում, այս 4 օրերի ընթացքում 105 օր տեսականորեն կարող ենք ծախսել հանձնաժողովի նախագահներին և ԱԺ ղեկավարությանն ընտրելու գործի վրա, այն դեպքում, երբ այս հարցը մեծ հաշվով որոշված հարց է, կուսակցությունները քաղաքական խորհրդում արդեն քննարկել, վերջացրել են»,-ասաց նա:

ԱԺ-ի պատգմավորները ծափահարեցին այս ելույթի ընթացքում: Վարազդատ Կարապետյանը շարունակեց՝ նշելով, թե ինչ կարևորություն ունի, թե հանձնաժողովի նախագահն ով է: «Կամ թե կոնկրետ ես ինչ եմ մտածում ոռոգման համակարգի կամ համայնքների միավորման խոշորացման գործընթացի մասին: Հիմա ի՞նչ կարևոր է իմ կարծիքը, եթե սենց թե նենց մենք իրար հետ պետք է հարցը լուծենք, ու հանձնաժողովներում էլ քվեարկություններով են պրոցեսները տեղի ունենում: Հիմա, որ բացենք ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունները, կտեսնենք, որ ընդամենը որոշակի կանոնակարգելու ու համակարգելու գործառույթներ են և ուրիշ ոչինչ: Հիմա այս մարդկանց, որ դրել ենք, քրքրում ենք հնարավոր բոլոր հարցերի վերաբերյալ, սրա իմաստը ո՞րն է, իրականում անհասկանալի է ինձ համար: Մեկ-մեկ տպավորություն է՝ կառավարության հետ հարցուպատասխան է, կամ այս չորս օրում ՀՀ-ի բոլոր ռազմավարական խնդիրները պետք է լուծենք, այնինչ լրիվ ուրիշ խնդիր ունենք հիմա»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` իրենց խնդիրն ընդամենը հանձնաժողովի նախագահ ընտրելն է: «Այս հարցին պետք չի այդքան լուրջ վերաբերվել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ միայն մեկ հարցի պետք է լուրջ վերաբերվել: «Այն է, որ լուրջ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, նոր սկսենք հարցը քննարկել, որովհետև այդ դեպքում մենք ժամանակ կխնայենք, որովհետև մեզանից արագություն են պահանջում մեր ընտրողները, և արդեն էական չէ՝ որ կուսակցությունից ենք, ու կարևոր չէ, որ ԱԺ-ն և կառավարությունը տարբեր թևեր են իշխանության, մենք պետք է իրար հետ աշխատենք ու աշխատենք արագ»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահի ելույթի ավարտից հետո հնչեցին բուռն ծափողջյուններ:

 

Հեղինակ Նելլի Լազարյան

Առնչվող Հոդվածներ