Շոուբիզնես

«Իմ առաջին տղան երկրորդ կնոջիցս մեծ է». Գրիշա Աղախանյանի ինքնակենսագրական «սթենդ ափ»-ն ու հայտնի հյուրերը:

«Գրիշա Աղախանյանի 50 երանգները». այս խորագիրն ունի շոումեն-դերասան Գրիշա Աղախանյանի առաջին «սթենդ ափ»-ը: Տարիներ շարունակ այս ժանրով ներկայանալու ցանկությունը նրա կյանքում իրականություն դարձավ միայն այն ժամանակ, երբ հատեց 50-ի սահմանագիծը:

Tert.am Life-ը ներկա է եղել «սթենդ ափ»-ի պրեմիերային և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։

Տարիքի ու տարիների մասին այս դեպքում խոսելն ավելորդ չէ. «սթենդ ափ»-ի հիմքում ընկած էր դերասանի անցած 50 տարին: Ինքնակենսագրականը դերասանը որոշել էր ներկայացնել ինքնահեգնանքի միջոցով: Առանցքում տարիքն է, որի համատեքստում դերասանն անդրադարձավ նաև իր ու կնոջ տարիքային տարբերությանը՝ 23 տարի: Նրանց կյանքում հումորային իրավիճակների պակաս չի լինում՝ հաշվի առնելով, որ, ըստ Գրիշայի, իրենք տարբեր լեզուներով են խոսում: «Իմ առաջին տղան երկրորդ կնոջիցս մեծ է»,- բեմից նկատեց նա, ապա պարզաբանեց, թե ինչու է որոշել ամուսնանալ երկրորդ անգամ: Ասում է՝ առաջին անգամ ամուսնացել է դեռ խորհրդային տարիներին ու կորցրել անկախությունը, նորանկախ Հայաստանում կրկին ձեռք է բերել անկախություն, բայց տարիներ անց, որոշել է մեկ անգամ էլ կորցնել անկախությունը։

Հումորն ապաքաղաքական էր, չնայած, դերասանի խոսքով, իրենք երկար են մտածել՝ անե՞լ քաղաքական հումոր, թե՞ ոչ:

«Քաղաքական թեմաներ էլ ենք քննարկել, մտածում էինք՝ անել, թե ոչ: Ներկայացումներում միշտ անում են այդ թեման, բայց քանի որ սա իմ առաջին «սթենդ ափ»-ն էր, որոշեցինք ինքնակենսագրականի տեսքով ներկայացնել: Հնարավոր է՝ հաջորդ ներկայացման մեջ քաղաքականություն էլ ներառենք»,- ասաց դերասանը:

Ներկայացման տևողությունը բավականին կարճ էր՝ ավելի քիչ, քան մեկ ժամ: Գրիշայի խոսքով՝ իրենք այսքան ժամանակ էին նախատեսել, քանի որ բեմում ինքը մենակ է, ձանձրացնելու վտանգը մեծ է. «Թեմաներ անպայման ավելացնելու ենք, մենք նախատեսել էինք մեկ ժամ, չնայած նախատեսած ժամանակից ավելի կարճ տևեց, երևի, ես էլ էի հուզված ու փորձում էի ամեն ինչ շատ արագ պատմել: Մեկ ժամից ավելի չէի էլ ուզում, որովհետև կարծում եմ՝ ձանձրալի է: Մենակ շատ երկար հանդիսատեսին պահել հնարավոր է, բայց շատ դժվար է: Մենք դեռ նայելու ենք, հասկանալու որտեղ փոփոխություն անենք, ինչ ավելացնենք, ինչ պակասեցնենք: Ստեղծագործական պրոցեսը միշտ էլ այդպես է՝ մի քանի անգամ խաղալուց հետո ես գալիս վերջնական տեսքին»:

Ներկայացման շարունակական լինելու մասին խոսելով՝ Գրիշան նշեց, որ ամեն ինչ կախված է հանդիսատեսից: Ըստ դերասանի, եթե աշխատանքը սիրվեց ու հետաքրքրություն առաջացրեց, երկար կլինի բեմում, եթե ոչ՝ կսպառվի:

Հանդիսատեսի առաջին արձագանքը Գրիշային գոհացրել է, անկեղծացավ, որ սպասում էր անհամեմատ ավելի թույլ արձագանքների:

Բեմադրության ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ չնայած, որպես ռեժիսոր համագործակցել են «սթենդ ափ» ժանրի շրջանակում, Գրիշայի պահանջկոտությունն իրեն միշտ զգոն է պահել: «Ամեն ինչ բավականին լավ էր, այն իմաստով, որ Գրիշան շատ պահանջկոտ է: Այդ պահանջկոտությունն ինձ ձգել է, որովհետև Հայաստանում բեմադրություններ անելիս ռեժիսորը սովորում է, որ դերասանն  ուշանում է, ինքն էլ է սկսում ուշանալ: Այս դեպքում այդպես չէր»,- ասաց Կարոն:

tert.am

Առնչվող Հոդվածներ