Քաղաքականություն

Իմ համոզմամբ՝ հակակոռուպցիոն դատարանը՝ քաղաքական այլախոհների սանձահարելու, կոնկրետ անձանց հետապնդելու նպատակով է ստեղծվում․ Գևորգ Պետրոսյան


Դատավորների հեղինակությանն ամենամեծ վնասը հասցրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացրած  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչ վերաբերում է նրան, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ինչպես  նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով, ապա Գևորգ Պետրոսյանը հարց բարձրացրեց, թե այդ դատավորները նոր դատավորներ պետք է լինեն, թե եղած դատավորների կազմից։

«Եթե այդ դատավորները եղած դատավորների կազմից պետք է լինեն, ապա հարց է առաջանում, թե գործող դատավորները տվյալ ատյաններում աշխատելով ինչո՞վ են թերացել նման հանցագործություններ քննելիս, որ պետք է իրենց արդարացնեն նոր անվանումով դատարանում։ Եթե նրանք պետք է լինեն նոր դատավորներ և արդյունքում դատավորների թիվը պետք է ավելացնենք, ապա դա ողջունելի է, բայց եթե ոմանց թվում է, թե կոռուպցիոն գործեր քննելը դա շատ հեշտ է, և իրենք կարող են 25 դատավորով հրաշքներ գործեն, դա այդպես չի լիենլու»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ամեն դեպքում չի ցանկանա այդ դատարանը ընկալվի որպես նոր Հայաստանի դատարան։ «Եթե իրենց նոր Հայաստան ասվածի դատավորը Սահմանադրական դատարանի անբան դատավոր Վահե Գրիգորյանն է, ով անգորոծության է մատնվել, զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ապա ուղղակի պետք չէ նման դատարան ստեղծել, ստեղծել աշխատակազմ, ունենալ դատավորներ և պետական բյուջեից անհարկի վատնումներ իրականացնել։

Վահե Գրիգորյանը առանց ամոթի զգացումի հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական բովանդակություն ունի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը նոր դատարան է ստեղծում՝ դատելով իր իսկ ձեռամբ կարգված դատավորների դիրքորոշումներից, ստացվում է,  որ սա նույնպես քաղաքական զսպաշապիկ հագցնող մարմին է լինելու, ոչ թե իրականում արդարադատությւոն իրականացնող»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախկինում էլ են եղել դատավորների նկատմամբ ճնշումներ, բայց այսպիսի ահռելի վնաս դատական համակարգի հեղինակությունը հասցրել է միայն Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն ինքը հարգանք չունի դատարանների նկատմամբ և հիմա որն է երաշխիքը, որ նրա կողմից ձևավորովող դատավորները լինելու են սրբեր»,-ասաց նա։

Ըստ նա խորին համոզման՝ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է այդ դատարանը՝ քաղաքական այլախոհների սանձահարելու նպատակով։  «Իմ անձնական կարծիքով՝ այնքան է երես առել այս իշխանությունը, որ կոնկրետ ատյաններ է ստեղծում կոնկրետ անձանց հետապնդելու համար։ Նման անհաշվենկատ, անխնամ վերաբերմունք պետական բյուջեի նկատմամբ որևէ իշխանություն չի ցուցաբերել»,-ասաց նա։

Պատգամավորհ նշեց, որ միշտ արտահայտվել է դատավորների թվաքանակը ավելացնելու համար, քանի որ գործերի քննության ձգձգումը դատավորների պակասի արդյունք է։ «Ինչ վերաբերում է բարեվարքության ստուգման կառուցակարգերին, ապա նա նշեց, որ բարեվարքությոնը թող սկսեն իշխանության տարբեր թևերից։ «Առաջինը  թող սկսեն օրենսդիր մարմինից, այն պատգամավորներից, ովքեր գալիս են կոճակ սեղմելու համար, նիստերի ժամանակ հեռախոսով խաղ են խաղում, գրություններ են ուղարկում մեկը մյուսին,  ժողովրդի հետ կապ չեն պահում և օրենսդիր գործունեությամբ չեն զբաղվում ։ Թող բարեվարքությունը սկսեն գործադիր իշխանության անփառունակ նախարարներից, որոնք ընդհանրապես կապ չունեն այդ նախարարության  հետ։ Օրինակ, կրթության նախարար կոչեցյալը այնքան կապ ունի ԿԳՄՍ գործունեության հետ որքան ես՝ Ամիրդովլաթ Ամասիացու բույսերի աշխատության հետ»,-ասաց նա։

Առնչվող Հոդվածներ