Հասարակություն

«Իմ քայլ»-ի պատգամավոր Սիփան Փաշինյանը հրաժարվել է պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հրաժարվել է պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշից։ Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Փաշինյանը՝ հավելելով․

«Կարիք չեմ զգում ԱԺ պատգամավորի համարներ վերցնելու»։

Սիփան Փաշինյանը մեկնաբանեց, որ ընդհանրապես չի հասկանում՝ ինչ իմաստ ունի, ինչի համար է նախատեսված առանձնահատուկ համարանիշը․

«Ավտոմեքենա է՝ վարում եմ, ունեմ Հայաստանի Հանրապետության պետհարանիշներ ու որեւիցե այլ համարի կարիք չեմ զգում, որովհետեւ եթե խախտում եմ անում, ոստիկանությունը տուգանում է, եթե խախտում չեմ անում՝ չի տուգանում։ Ես էլ չեմ փորձում խուսափել տուգանք վճարելուց ու բաձարձակապես այդ պետհամարանիշի իմաստը չեմ տեսնում»։

Ինչպես մեր զրույցում նշեց պատգամավորը՝ այդ համարանիշը չէ, որ հանրությանը պիտի ցույց տա իր պատգամավոր լինելը․

«Այսինքն՝ ավտոմեքենայի համա՞րը պիտի ցույց տա, որ ես պատգամավոր եմ։ Ես դրանով չպիտի ցույց տամ, Տավուշում ինձ պիտի ճանաչեն իմ գործի շնորհիվ»,- եզրափակեց Սիփան Փաշինյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը պատգամավորներին տրամադրում է հատուկ պետհամարանիշեր:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Առնչվող Հոդվածներ