Հասարակություն

Ինձ չեմ համարում շախմատի մասնագետ, շախմատ լավ չեմ խաղում․ Մխիթար Հայրապետյանը՝ Արոնյանի հայտարարության մասին

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ենթադրել է, որ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի հայտարարությունը հասցեագրված էր իրեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ  ստիպված է կայացնել բեկումնային որոշում եւ հեռանալ հարազատ երկրից: Ըստ նրա՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձեւից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք հաջողությունները վերագրելով իրենց, սկսել են ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով:

«Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, եւ շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների եւ հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձեւի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ եւ երկիր, ունեցել ենք եւ, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը»,- հայտարարել է Արոնյանը։

Ի պատասխան գրոսմայստերի այս հայտարարության, Մխիթար Հայրապետյանն ասաց․

«Խոսք էր գնում դպրոցների փակման մասին, բայց Երեւանի շախմատի ֆեդերացիայի ամիսներ շարունակ գործուն քայլերի եւ պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչպես նաեւ քաղաքապետարանի մեր գործընկերների ջանքերի, առաջիկայում կբացվի շախմատի վարպետության բարձրագույն դպրոց, ինքը բացառիկ քայլ է լինելու կրկին Հայաստանին վերադարձնելու շախմատի այն փառքը, որը տասնամյակներ շարունակ ունեցել ենք, եւ ցավոք, վերջին 5-ից 8 տարիներին չենք ունեցել․․․Ես փոխարինել եմ Տարոն Մարգարյանին՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ես մշտապես նշել եմ, որ ինձ չեմ համարում շախմատի մասնագետ, շախմատ լավ չեմ խաղում, բայց պատրաստ եմ ձեր նախաձեռնությամբ նաեւ այս շենքում շախմատի քաղաքականության, ռազմավարության, փոքր սերնի խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհային քարտեզի շուրջ  բանավիճել Տարոն Մարգարյանի հետ, վերջում էլ մի պարտիա շախմատ խաղալ»։

Առնչվող Հոդվածներ