Քաղաքականություն

Ինձ պատրաստ եմ զգում ղեկավարելու 88 հոգանոց խմբակցություն՝ գիտակցելով բոլոր այն դժվարությունները, որոնք հնարավոր է լինեն. Լիլիթ Մակունց

«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է քաղաքացիների ընդունելության ռեժիմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Յուրաքանչյուր պատգամավոր հաշվետվություն է ներկայացնելու քաղաքացիների ընդունելության հետ կապված: Մենք նախապես հրապարակային կտեղեկացնենք, թե որ օրերին է ընդունելությունը: Պատգամավորները պաշտոնապես կտեղեկացնեն»,- նշեց մեծամասնության խմբակցության ղեկավարը:

Խոսելով իր հայտարարության մասին, որ իրենք կառաջադրեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այնինչ՝ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է վարչապետի նշանակման հարցը, Մակունցն այսպես արձագանքեց. «Ես չեմ հայտարարել նման բան: Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մենք առաջարկելու ենք ՀՀ նախագահի նշանակմանը, ոչ թե խորհրդարանի: ԱԺ-ում, ըստ «Կանոնակարգ» օրենքի, մեծամասնության թեկնածուն ներկայացվում է ՀՀ նախագահին, ով անմիջապես հաստատում է թեկնածությունը»:

Հարցին՝ պատրա՞ստ եք 88 հոգանոց խմբակցություն ղեկավարել, նա պատասխանեց. «Ինձ պատրաստ եմ զգում՝ գիտակցելով բոլոր այն դժվարությունները, որոնք հնարավոր է լինեն ճանապարհին: Բոլոր բարդությունները հաղթահարելի են, երբ կա կամք, պատասխանատվության զգացում»:

Հարցին՝ Ձեր խմբակցության բոլոր ներկայացուցիչները տիրապետո՞ւմ են օրենքին, Լիլիթ Մակունցն ասաց, որ «բոլոր դետալներով անգիր չեն իմանում օրենսդրությունը, բայց օրենքը անգիր իմանալը մեկ բան է, օրենքի տառին հետևելը՝ մեկ այլ»:

«Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով: ԱԺ պատգամավորների ցանկում միայն իրավաբաններ չեն: Պատգամավոր ընտրվելու պարագայում դա չէ պայմանը: Պարտադիր պայման է օրենքին հետևելը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է Արամի 23 շենքի փլուզմանը, լրագրողները հարցրին. «Այլևս մշակույթ չե՞ք»: Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ փլուզման հենց նույն օրը ինքը եղել է դեպքի վայրում՝ փորձելով հասկանալ, թե որն է փլուզման պատճառը, հետագա ինչ անելիքներ պետք է նախաձեռնվեն:

«Մամուլում մոտ 6 ամիս հրապարակվել են բոլոր այն գործողությունները, որոնք եղել են մեր նախարարության լիազորությունների շրջանակներում: Արել ենք հնարավոր ամենը, մի բան էլ երբեմն գերազանցելով մեր գործառույթները: Չպիտի անեինք որոշ բաներ, որոնք մեր լիազորությունների տիրույթում չեն»,- մանրամասնեց Լ. Մակունցը:

Նա շեշտեց, որ պատասխանատուն բոլորս ենք, սկսած նրանցից, ովքեր լռում են. «Հիմա անելիքը հստակ է: Փլուզվել է շենքի մեկ պատը ու հրատապ պետք է վերականգնել այն: Հույս ունեմ, որ սեփականատիրոջ հետ բանակցելով՝ կլուծվի հարցը»:

Առնչվող Հոդվածներ