Պաշտոնական

Ինչո՞ւ Փաշինյանը չի պահում ժողովրդին տված իր խոստումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւել է մոտ ժամուկես: Ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ վարչապետի հրապարակային խոստումները մասնավորապես արցախյան բանակցությունների մասով՝ խիստ հակասում են նրա գործողություններին: Այսպես օրինակ՝ հանրահավաքների և իր ուղիղ եթերների ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ստվերային գործընթաց, որևէ գաղտնի որոշում Արցախի հարցում չի կարող կայացվել, անգամ ամենաչնչին կարևորության քայլը քննարկվելու է և համաձայնեցվելու է ժողովրդի հետ: Այսօր մենք տեսնում ենք հակառակ պրոցեսը, երբ Ադրբեջանի ղեկավարի, քննարկվող հարցերի շարքի կամ ձեռքբերված համաձայնությունների մասին այդ նույն ժողովուրդը իմանում է պոստֆակտում, «դոզավորված» տեղեկատվության տեսքով, կամ էլ ինչն էլ ավելի վատ է՝ ադրբեջանական աղբյուրներից: Պետք է հիշել, որ 2018 թվականի դեկտեմբերի սկսզբներին ևս Փաշինյանն ու Ալիևը զրույց էին ունեցել, ինչի մասին հանրությունն իմացավ ադրբեջանական կողմից: Միայն այն բանից հետո, երբ Բաքուն խոսեց այդ մասին, հայկական կողմը հաստատեց փաստը: Բացի այդ, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Ալիևի հետ հանդիպումը պատահական էր և երկու երկրների ղեկավարները պարզապես օգտվել են Դավոսյան համաժողովի ֆորմատից՝ մտքեր փոխանակելու համար: Մեկ շաբաթ առաջ Փարիզում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կազմակերպվել էր Մինսկի խմբի համանախագահ եռյակի ջանքով: Հանդիպումը 4 ժամ է տեւել, որից հետո չկար խոսակցություն, թե մեկ շաբաթ անց Դավոսում կարող է դիտարկվել նախագահների հանդիպման հնարավորություն: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ նման հանդիպումները պատահական չեն լինում և Փաշինյանին պետք է որ շատ լավ նախապատրաստած լինեին աննախադեպ՝ մեկուկես ժամ տևած հանդիպման համար: Ինչևէ, թեև Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները մեզ հայտնի չեն, այնուամենայնիվ, կարելի է մի քանի ընդհանուր եզրահանգում անել: Դավոսից Փաշինյանը մեկնում է Մոսկվա և այս համատեքստում էլ ավելի ուշագրավ են դառնում նրա և Ալիևի՝ Շվեյցարիայից Մոսկվային հղած մեսիջները: Եթե Փաշինյանը դժգոհություն է հայտնում ինտեգրացիոն գործընթացներում առաջ եկած խոչընդոտներից, ապա Ալիևն անչափ լավատեսորեն է տրամադրված՝ թե՛ ինտեգրացիոն գործընթացների, թե՛ սպառազինության ձեռքբերման նոր պայմանագրերի վերաբերյալ: Այս մեսիջները Մոսկվային՝ անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախյան հակամարտության կարգավորման պրիզմայի ներքո, հաշվի առնելով նաև Մոսկվայից՝ Լավրովի մակարդակով հնչող վերջին թափանցիկ ակնարկները, որ Երևանից ակնկալում են հետևել Բաքվի կառուցողական քաղաքականությանը: Այստեղ տեղին է խոսել Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականության մասին ընդհանրապես: Հայաստանը չունի հստակ գծված մարտավարություն, իսկ դա հղի է լուրջ ռիսկերով: Նիկոլ Փաշինյանը ժամանակին պնդում էր, որ բանակցութունները պետք է ընթանան Արցախի և Ադրբեջանի միջև, իսկ այսօր արդեն մենք ականատես ենք լինում ակտիվ շփումների՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: Ստացվում է՝ Փաշինյանին չի հաջողվել պահել նախապես գծված քաղաքական գիծը, իսկ չունենալով այն՝ պատահական հանդիպումների հորձանուտ նետվելը՝ կարող է հայկական կողմի համար նոր խնդիրներ առաջացնել: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առնչվող Հոդվածներ