Հասարակություն

Ինչու՞ չի կալանավորվում «Բուլկի» Արամը ․ վարչապետը նոր գաղտնի փաստաթղթե՞ր է կարդացել:

Նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երրորդ հանրապետության ամենամեծ կաշառքի գործն է բացահայտվել․«Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական փաստաթղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, մենք նախաձեռնությամբ մտնելու ենք այդ պատգամավորին կալանավորելու համար։ Կաշառքի գործ է։ Մի քիչ երևի մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ երևի այդ երկրի հետ որոշ հարաբերություններ կան ու ձգձգում են՝ ամեն օր ասելով էսօր-էգուց։ Բայց այդ պատգամավորը կալանորվելու է, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը», — հայտարարել էր Փաշինյանը։

Նրա այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ հավանական կալանավորվող պատգամավորը Արամ Հարությունյանն է, ով ավելի շատ հայտնի է «Բուլկի» Արամ մականվամբ։ Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք էր տվել իրեն գործարար համարող Սիլվա Համբարձումյանը։ Ըստ նրա ցուցմունքի՝ Արամ Հարությունյանը պահանջել և ստացել էր 14 մլն դոլար կաշառք։

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, սակայն քվորում չլինելու պատճառով պատգամավորը չզրկվեց անձեռնմխելիությունից և չկալանավորվեց։

Հունվարի 14-ին Արամ Հարությունյանի պատգամավորական անձեռնմխելիությունը ուժը կորցրեց՝ նոր Ազգային Ժողովի առաջին նիստի գումարմամբ։ Արդեն չորս օր է Արամ Հարությունյանը կարող է կալանավորվել և դրա համար չկա ԱԺ-ից թույլտվություն ստանալու կարիք, բայց չգիտես ինչու հայրենի իրավապահները հապաղում են։

Politik.am-ը փորձեց դատախազությունից ճշտել, թե ի՞նչ ընթացքում է Արամ Հարությունյանի գործը և ինչու կալանավորված չէ նա․«Այս պահին որևէ տեղեկություն չեմ կարող հաղորդել»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ինդուլգենցիա շնորհած լինի Արամ Հարությունյանին՝ ինչ-որ ծառայությունների դիմաց։ Ժամանակին Փաշինյանն ու իր թիմակցիները ապրիլյան պատերազմի անհաջողություններում մեղադրում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետ Արշակ Կարապետյանին, սակայն կարճ ժամանակ անց մոռացան, և ավելին՝ նա նշանակվեց Փաշինյանի խորհրդական։ Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարդացել ու Արշակ Կարապետյանի մեղքը չի տեսել։ Արշակ Կարապետյանը ներվեց, քանի որ նա  միակ զինվորականն էր, որ ցուցմունք էր տվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Զարմանալի չի լինի, եթե մի օր Բուլկի Արամին ճաղերի հետևում տեսնելու փոխարեն տեսնենք կառավարության որևէ աշխատասենյակում։ Փաշինյանը շատ հանգիստ կարող է ասել, որ նրա մասին էլ գաղտնի փաստատթղթեր է կարդացել, և նա մեղավոր չէ։

Առնչվող Հոդվածներ