Հոգևոր

Ինչպե՞ս ապաշխարել

«Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Դ 17)
 

Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23): Ապաշխարություն նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով՝ կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմաց հատուցել: Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում անմիջապես Հիսուս Քրիստոսից: Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին՝ թե ներելի և թե մահացու: Ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար՝ հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարը օծյալ հոգևորականն է: Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց՝ ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23): Ինչպես նաև. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. ԺԸ 18): Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է: Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծո հետ: Եվ եթե «Մեղքի վարձը մահն է» (Հռոմ. Զ 23), ապա ապաշխարության պտուղը՝ փրկությունն ու հավիտենական կյանքը: Երբ մեղանչում ենք, հավիտենական պատիժ է մեզ սպասում, սակայն զղջալու և ապաշխարելու արդյունքում Աստված նաև մեր պատիժն է փոխում ժամանակավորի: Այդ պատճառով, թեև խոստովանությամբ թողություն է տրվում բոլոր մեղքերին, սակայն մնում է պատիժը, որը վճարում ենք աղոթքով, պահքով և ողորմությամբ: Երբեմն մեղավորն ինքն է կամավորապես ստանձնում որոշակի ապաշխարություն, ինչպես օրինակ՝ որևէ վայելքից հրաժարում և այլն: Այսու լավ ըմբռնելու համար Ապաշխարության խորհուրդը, պետք է մտապահենք հետևյալ կարևոր հանգամանքները.


1. Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքի գիտակցումից:
2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այն այլևս չկրկնելու վճռականություն:
3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորականներին՝ մեղքերը խոստովանելու մտադրությամբ:
4. Որևէ այլ անձ բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնել և մեղքերին արձակում տալ: Այդ իշխանությունը աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված:
5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրել:

qahana.am

Առնչվող Հոդվածներ