Մշակույթ

Ինչպե՞ս կարող է ՀՀ քաղաքացին ընդունվել ռուսական բուհ:

Studyinrussia.ru կայքը գրում է, որ Հայաստանի շատ շրջանավարտներ կրթությունը շարունակելու համար ընտրում են ռուսական բուհեր: Կայքի հաղորդմամբ՝ գլխավոր պատճառները որակյալ կրթությունն ու մատչելի գներն են:

Ըստ Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության 2017 թվականի տվյալների՝ Ռուսաստանի բակալավրիատներում և մագիստրատուրաներում Հայաստանից սովորել է 2600 ուսանող: Ռուսական բուհերն առաջարկում են կրթության տարբեր ուղղություններ՝ տեխնիկական, հումանիտար և բնական գիտություններ: Շատ հայ շրջանավարտներ ընդունվում են, մասնավորապես՝ ատոմային էներգետիկայի ուղղվածություն ունեցող բուհեր: Սա, ըստ կայքի՝ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են միմյանց հետ հենց այդ ոլորտում: Տարածված են նաև տնտեսագիտություն և իրավագիտություն մասնագիտությունները:

Ռուսական բուհերը շահագրգռված են Հայաստանից հրավիրելու տաղանդավոր շրջանավարտների: Ամեն տարի նրանք իրենց ծրագրերը ներկայացնում են Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում «XXI դարի կրթությունը» ցուցահանդեսի ժամանակ: 2018 թվականին այնտեղ ներկայացվել է ռուսական 10 բուհ, որոնց թվում՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը և ուրիշներ:

 Ինչի՞ց սկսել

Եթե որոշել եք բարձրագույն կրթությունը ստանալ Ռուսաստանում, ապա նախ ընտրեք ձեր մասնագիտությունն ու համալսարանը: Այնուհետև գրանցվեք շրջանավարտի «Առանձնասենյակում» (Личный кабинет) և միանգամից հայտ ուղարկեք համալսարանին: Աշխատակիցները 10 օրվա ընթացքում կպատասխանեն ձեզ և կպատմեն ընդունելության կանոնների, անհրաժեշտ փաստաթղթերի և քննությունների մասին:

Կրթության արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար

Ռուսական բուհերում ծրագրերի արժեքն ավելի ցածր է, քան Ամերիկայի ու Եվրոպայի բուհերում, իսկ կրթության որակը՝ բարձր:

Օրինակ, միջուկային էներգետիկայի և տեխնոլոգիաների բակալավրիատի ծրագրերի արժեքը տարեկան սկսում է 213.460 ռուբլիից (3254 դոլար) մինչև 632.580 ռուբլի (9644 դոլար) է:

Մագիստրատուրայի արժեքը տարեկան սկսում է 393.640 ռուբլիից (6000 դոլար) մինչև 415.220 ռուբլի (6330 դոլար):

Ասպիրանտուրայի արժեքը տարեկան սկսում է 112.224 ռուբլիից (1710 դոլար) մինչև 413.400 ռուբլի (6300 դոլար): Այս ուղղությամբ ծրագրեր առաջարկում են, օրինակ, Ռուսաստանի Ազգային հետազոտական միջուկային համալսարանը (НИЯУ МИФИ) և Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանը:

Տնտեսագիտական ուղղությամբ բակալավրիատի ծրագրերի արժեքը տարեկան սկսվում է 98.732 ռուբլիից (1505 դոլար) մինչև 440.000 ռուբլի (6708 դոլար), մագիստրատուրան՝ 75.000 ռուբլիից (1143 դոլար) մինչև 370.000 ռուբլի (5640 դոլար), ասպիրանտուրան՝ 79.780 ռուբլիից (1216 դոլար) մինչև 325.000 ռուբլի (4954 դոլար):

Իրավագիտության բակալավրիատի ծրագրերի արժեքը տարեկան սկսվում է 112.700 ռուբլիից (1718 դոլար) մինչև 390.000 ռուբլի (5945 դոլար), մագիստրատուրան՝95.000 ռուբլիից (1448 դոլար) մինչև 380.000 ռուբլի (5793 դոլար), ասպիրանտուրան՝131.000 ռուբլիից (1997 դոլար) մինչև 324.000 ռուբլի (4939 դոլար):

 Պետության բյուջեի հաշվին սովորելու եղանակները

Եթե տաղանդավոր եք, և ձեր ավարտական վկայականի (ատեստատ) գնահատականները բարձր են, ապա դուք կարող եք փորձել ընդունվել ռուսական բուհ՝ սովորելով պետության բյուջեի հաշվին: Կան մի քանի եղանակներ: ՀՀ քաղաքացիները կարող են հանձնել պետական միասնական քննություններ (Единый государственный экзамен (ЕГЭ), ինչի համար անհրաժեշտ է ռուսերենի փայլուն իմացություն, քանի որ քննությունները հանձնում են միայն ռուսերենով:

Միասնական քննությունները կարելի է հանձնել Ռուսաստանում կամ Հայաստանում՝ հատուկ տեղամասերում:

Քննությունները հանձնում են մարտ-հուլիսն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննությունների հետ կապված հարցերի ու նաև հանձնման հատուկ տեղամասերի հասցեների համար կարելի է դիմել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն կամ ՌԴ-ի Կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն (Рособрнадзор):

Եթե որոշել եք այս տարբերակն ընտրել, բայց բավարար չափով ռուսերեն չգիտեք, ապա ռուսական բուհերում կարող եք լեզվի ինտենսիվ դասընթացներ անցնել կամ հաճախել լեզվի ամառային կամ ձմեռային դպրոց:

Հայաստանի շատ շրջանավարտներ կարող են ընդունվել՝ որպես հայրենակից[1], եթե ինքնուրույն կարողանան բարեհաջող հանձնել համալսարանների կողմից անցկացվող քննությունները:

Միայն թե այս դեպքում անպայման հարկավոր է հայրենակից լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու միջազգային օլիմպիադաներում, որոնք անցկացնում են ռուսական համալսարանները, համալսարանների միության և «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության (Россотрудничество) համագործակցությունը և ՌԴ Կրթության և գիտության նախարարությունը: ԻՏՄՕ համալսարանը (Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարան) Երևանում անցկացնում է ինֆորմատիկայի օլիմպիադա, ինչը հնարավորություն է տալիս բուհ ընդունվել առանց տեխնիկական մասնագիտությամբ որևէ քննություն հանձնելու: Ռուսաստանի Ազգային հետազոտական միջուկային համալսարանը (НИЯУ МИФИ), համագործակցելով «Ռոսատոմ» բաժնետիրության հետ՝ Երևանում անցկացնում է ֆիզիկայի ու մաթեմատիակայի օլիմպիադաներ ավագ դասարաններում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, և հաղթողները կարող են անվճար սովորել ՄԻՖԻ կամ տեխնիկական այլ բուհերում: Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանն ամեն տարի Երևանում անցկացնում է մի քանի տեխնիկական առարկաների (2018 թվականին՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և ինֆորմատիկայից) Բաց օլիմպիադան, որը նույնպես բակալավրիատ ու մագիստրատուրա ընդունվողների համար արտոնություններ է տալիս:

ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել նաև մրցույթի՝ ՌԴ Կառավարության կողմից պետական կրթաթոշակ (քվոտաներ) ստանալու համար: Ամեն տարի ռուսական բուհերում արտասահմանի քաղաքացիների համար հատկացվում է 15.000 տեղ:

2017թ. ՀՀ քաղաքացիների համար հատկացվել է 187 տեղ, 2018 թ.՝ 205 տեղ, գերակայություն կազմող ուղղությունը՝ բնական գիտություններ: Քննությունների մասին տեղեկությունը հայտնվում է «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության կայքում դեկտեմբեր-փետրվար ամիսներին: Քվոտաներին վերաբերող հարցերի համար պետք է դիմել Ռուսհամագործակցություն (Երևան, Պռոշյանի 1-ին խաչմերուկ, տուն 20/14):

 Ընդունելության անհրաժեշտ փաստաթղթեր

Ռուսական բուհ ընդունվելիս ՀՀ շրջանավարտին անհրաժեշտ է ունենալ փաստաթղթերի թղթապանակ, որի մեջ պետք է ներառել տվյալ համալսարանում ուսանելու համար ներկայացված դիմում, փաստաթուղթ կրթության մասին, անձնագիր, բժշկական տեղեկանք, լուսանկարներ:

Եթե թեկնածուն դեռ սովորում է և ավարտական վկայական (ատեստատ) կամ դիպլոմ ցույց տալու հնարավորություն չունի, կարող է առաջադիմության տեղեկանք ներկայացնել: Հարկ է նշել, որ տարբեր բուհերում փաստաթղթերի հանդեպ պահանջները տարբեր են, այդ իսկ պատճառով հարկավոր է նախօրոք կապ հաստատել ընդունող հանձնաժողովի հետ և տեղեկացվել մանրամասների մասին: Դա կարելի է անել Առանձնասենյակի միջոցով:

 Ռուսական դիպլոմի ճանաչումը Հայաստանում

Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է համաձայնագիր[2], ըստ որի՝ Հայաստանում տրված ավարտական վկայականները ճանաչվում են ռուսական բուհերի կողմից, և դրանց օրինականացման կարիք այլևս չկա: Հենց այդ պայմանագրի վրա հիմնվելով՝ Հայաստանն իր հերթին՝ ճանաչում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ռուսական դիպլոմները: Այսինքն՝ ռուսական բուհում պետական հավատարմագրումով (ակրեդիտացիա) բարձրագույն կրթություն ստացած ՀՀ քաղաքացին, հայրենիք վերադառնալով, կարող է շարունակել ուսումը կամ աշխատել իր մասնագիտությամբ: Նույնը վերաբերում է և բժշկական դիպլոմներին:

 Ժամանում Ռուսաստան

Ռուսաստան ժամանելու համար վիզա հարկավոր չէ, սահմանը կարող են անցնել թե՛ արտասահմանյան, թե՛ ազգային անձնագրով:

Ռուսաստան ժամանելիս պետք է միգրացիոն հաշվառում անցնել: ՀՀ քաղաքացիները պետք է այն անցնեն 30 օրվա ընթացքում: 2018 թ. հաշվառումը անցելու կանոնները փոխվել են. այժմ գրանցումը պետք է արվի ուսանողի փաստացի բնակության հասցեով, այլ ոչ թե՝ բուհի իրավաբանական հասցեով, ինչպես առաջ: Օգնության համար Դուք կարող եք դիմել ընդունող համալսարանի աշխատակիցներին, նրանք կհուշեն Ձեզ՝ ինչ անել:

Եթե որոշել եք ընդունվել ռուսական բուհ, արդեն իսկ պետք է իմանալ քննությունների մասին տեղեկությունը: Ուսումնասիրեք համալսարանների ու գների ցուցակը, ընտրեք Ձեզ համապատասխան ծրագիրը: Այդուհանդերձ գրանցվեք շրջանավարտի Առանձնասենյակում և միանգամից բուհին գրեք (դիմումների վերանայումը և ուղարկելը անվճար):

Հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը

[1] Համաձայն 1999թ. հուլիսի 24-ին ընդունված «Արտասահմանում ապրող հայրենակիցների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մասին» ՌԴ համար 99 դաշնային օրենքի՝ հայրենակիցներ համարվում են՝ 1. Մշտապես ՌԴ-ի սահմաններից դուրս ապրող ռուսները, 2. Պատմական ՌԴ-ի տարածքում ապրող ազգերի ներկայացուցիչները, հատկապես ԽՍՀՄ-ի նախկին քաղաքացիները, 3. ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի Դաշնության էմիգրանտները, որոնք ունեն համապատասխան քաղաքացիություն, ինչպես նաև նրանց սերունդները:

[2] ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիր կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների փաստաթղթերի փոխճանաչման մասին (Երևան, 2001 թ. սեպտեմբերի 15)

Առնչվող Հոդվածներ