Հասարակություն

Իրավապաշտպանությունը չի ենթադրում մարգինալիզմ, դա բոլոր կողմերի իրավունքի հավասարակշռումն է. Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպանությունը չի ենթադրում մարգինալիզմ, դա բոլոր կողմերի իրավունքի հավասարակշռումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով դատարանների անկախությանն ու հասարակության իրավագիտակցությանը:

-Պարոն Զեյնալյան, փոփոխություններին, հասարակության իրավագիտակցության մակարդակի էլ ավելի բարձրացմանը լավատեսորե՞ն եք տրամադրված, թե ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դատարանների դեմ բողոքի ակցիաներ չանեն ճնշում գործադրելու նպատակով,  չվիրավորեն  դատավորին՝ ի պաշտոնե կայացրած որոշման համար:

— Իրավապաշտպանությունը չի ենթադրում մարգինալիզմ, դա բոլոր կողմերի իրավունքի հավասարակշռումն է: Դատարանների նկատմամբ վստահությունն արժեք է, ազատ փոխակերպելի ու փխրուն արժեք , ինչը մենք պետք է կարողանանք ավելացնել և հարստացնել: Հարցում մեծ դեր ու անելիք ունեն լրատվամիջոցները:

Այս հարցում զանգվածային լրատվության միջոցները շատ մեծ անելիք ունեն, շատ կարևոր է լրագրողների գիտելիքները, լրագրողները պետք է նախ մարդկային բարձր  հատկանիշներ ունենան, իրավապաշտպանին հատուկ հատկանիշներ ունենան, այդ թվում նաև չվերաբերվեն խտրական և տարածեն այդ արժեքներն ու գաղափարները:

Երբևէ հանդիպե՞լ եք փաստաբանի, կամ այլ իրավապաշտպանի, որը դատարանում պարտվել է և ճանաչել է այդ դատական ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը, հայտարարել դրա մասին, որ այո, պարտվել է, բայց այդ դատական ակտն իր համար համոզիչ է, համապատասխանում է օրենքին, դժվար թե գտնեք, չհաշված ինձ:

-Կուլիսներում ասում են,շատերն են ասում:

-Երբ ես իրավապաշտպան էի, այդպիսի հայտարարությամբ հանդես եկել եմ, թեև դատարանում եղել է դեպք, որ պարտվել եմ, բայց դատական ակտը գիտականորեն հիմնավորված էր։

Դրա մասին պետք է հրապարակային  խոսել, պետք է խոսել և ցույց տալ, որ թեև մենք ճիշտ չենք, բայց դատարանն արդար ու օրինական է, նման ակտեր Հայաստանում շատ կան կայացված և հիմա էլ են կայացվում, այդպիսի դատական ակտերը նաև առաջացնում են մեր հարևանների, նաև շատ զարգացած երկրների իրավապաշտպանների ու իրավաբանների հիացմունքը, կան այդպիսի դատական ակտեր, որ անմիջապես արձագանքում են ՄԻԵԴ-ի դիրքորոշումներին:

Դրանք չի կարելի նսեմացնել, դրա ջատագովը և մունետիկը պետք է լինեն լրատվամիջոցներն ու լրագրողները:

-Լրագրողների աղբյուրների անհավասարության հարց չկա՞ օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը պահպանելու տեսակետից, որովհետև նույն դատական նիստից հետո միայն վերջին շրջանում է, որ մեղադրող կողմը գոնե կարճ մեկնաբանություն է տալիս, այլապես հասանելին պաշտպանական կողմն է, ով էլ ներկայացնում է իր տեսակետը, բացի այդ, այլ կողմերի համար օրենքով սահմանված սահմանափակումներ կան,ինչպես պահպանել հավասարություն և բոլոր կողմերին ներկայացնել հավասար:

-Այդ՝ դատախազների մեկնաբանություն տալու դրսևորումը հատուկ է այս կառավարությանը և տարբերվում է նախորդ իշխանություններից: Այո՛, մեր կառավարության ժամանակ, դատախազները, նախաքննության մարմինները սկսել են նաև մրցակցության մեջ մտնել կողմի հետ, այդ թվում նաև ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնել դատավորներին, նման բան չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:

-Բայց դրան քաղաքական ենթատեքստ է տրվում, որ դատախազները բողոքարկում են մինչև գա «ցանկալի» դատավորը:

-Դատավորին ինքնաբացարկ հայտնելը խոսում է այն մասին, որ դատախազն ու դատավորները մեկ կողմում չեն, կամ քայլեր են արվում դրանք տարանջատելու, նախկինում նման բան չկար, բացի այդ, դատախազներն ու քննիչները կաշկանդված են իրենց կարգավիճակով, նրանք պարտավոր են լինել զուսպ ու հավասարակշռված, իհարկե նաև փաստաբանն է կաշկանդված էթիկայի կանոններով, բայց այդ աստիճան չեն դրսևորում իրենց կաշկանդվածությունը: Փաստաբաններն ավելի շատ են դիմում ԶԼՄ-ին որպես իրենց զինանոցի:

-Վերջերս նաև միանման չեն առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչի և Վճռաբեկի որոշումները, ակտերը բեկանվում են…

-Սա էլ մեկ դրսևորում է, որն էականորեն տարբերվում է: Իրավիճակ փոխվել է, սա պետք է պահպանել, զարգացնել, որովհետև իշխանությունը պատկանում է բոլորին, և ոչ թե կառավարության անդամներին, կառավարության հաջողությունները բոլորի հաջողություններն են և սպասել որսալու համար որևէ սայթաքում և դա դարձնել խոցելու կամ թիրախ դարձնելու առիթ, կարծում եմ՝ պետք է շահագրգռված չլինի որևէ հայրենասեր :

Հեղինակ Բեթղեհեմ Արաբյան

tert.am

Առնչվող Հոդվածներ