Հեղինակային

Լենա Նազարյանն արձագանքել է իր ծաղրանկարին:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է MediaLab.am-ի կողմից արված իր ծաղրանկարին. «Աչքովս ընկավ, լավ է ստացվել: Այս զավեշտալի ծաղրանկարի համար երևի արժեր, որ ասածս խոսքերը շուռումուռ տային և կահույքի մասին ապատեղեկատվություն տարածվեր:

Ի դեպ, Աժ իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ: Եվ այս հարցերն ինձ համար ընդհանրապես կարևոր հարցեր չեն:

Հ.Գ ահա այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, որովհետև երկար ժամանակ պահեստում էր պահված ու վրայի փոշին չի անցնում: Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունը ու ժամանակը զբաղեցներ սրանով»,-նշել է նա:

 

Առնչվող Հոդվածներ