Հասարակություն

Խայտառակությունից դրդված:

Վարչապետի Աննա Հակոբյանն, ով «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, չնայած աջ ու ձախ բաց և թափանցիկ աշխատելու կոչերին և հասարակությանն ամեն վայրկյան հաշվետու լինելու բարձրագոչ հայտարարություններին, շարունակում էր տևական ժամանակ գաղտնի պահել իր ղեկավարած հիմնադրամներին նվիրաբերություններ անողներին և նվիրաբերված գումարների չափերը։

Աննա Հակոբյանը որոշեց գաղտնիքը բացել միայն այն ժամանակ, երբ ֆեյսբուքյան օգտատերերից Արմինե Սահակյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակեց հետևյալը․ «Բարեգործության ոլորտում խարդախությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվեցին ծախսերի և մուտքերի թափանցիկության և ամբողջական հաշվետվության վերաբերյալ թեմաներ: Չնայած նրան, որ մեր առաջին տիկինը, ըստ էության, հրաժարվեց «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների վերաբերյալ զեկույցը տրամադրել, նայել եմ «City of Smile» հիմնադրամի հաշվետվությունը: Եվ ցանկանում եմ բարձրացնել հետևյալ հարցերը.

1. Տարօրինակ է հասարակությունից պահանջել, որպեսզի կանաչի վաճառողից խնդրեն կտրոնը, մինչդեռ նրանք շրջանցում են հասարակությանը ընդհանուր թվերով, որոնք բավականին տարօրինակ են թվում, և ցանկությամբ, որպեսզի իրենց խոսքերին հավատան»:

Այս հրապարակումից կարճ ժամանակ անց միայն մամուլին հասանելի եղավ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի հրապարակած նվիրատուների ցանկը․ վստահաբար, այս քայլին տիկին Աննայի հրահանգով դիմեցին քննադատության հերթական ալիքից խուսափելու համար։

Նվիրաբերողների ցանկում աչք է ծակում մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոշոր նվիրաբերումը՝ 47 985 000 դրամ, և սա՝ այն ամենի համատեքստում, ինչ իշխանությունների թողտվությամբ կատարվեց եկեղեցու վարկանիշի նվազեցման ու անգամ վարկաբեկման համար։ Բոլորս ենք հիշում նոր հայրապետ հորջորջող ակտիվիստներին, ովքեր եկեղեցու բակում բազմաթիվ անգամներ անցան թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը։

Եկեղեցուց բացի, հիմնադրամներին խոշոր նվիրատվություններ են կատարել նաև Հայաստան հիմնադրամը (ԱՄՆ)՝ 31 190 400 նվիրատվությամբ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հիմնադրամին նվիրաբերել է 11 856 700 դրամ: Հայաստանի պարի պետական անսամբլը նվիրաբերել է 9 536 000: Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերվել է 10 000 000 դրամ: Ալեքսանյանների ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ կողմից նվիրաբերվել է 3 000 000 դրամ, իսկ «Ալեքս տեքստիլ»-ի կողմից՝ 2 000 000 դրամ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերվել է 2 000 000 դրամ, Անահիտ Ծառուկյանի կողմից՝ 5 000 000, ևս 5 000 000 էլ Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից:

Հիմնադրամի նվիրատուների ցանկում են նաև «Գրանդ Քենդի»-ն՝ 5 000 000, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը՝ 1 000 000, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ 1 000 000 դրամ նվիրատվություններով:

Հետաքրքրիր է, որ այս նույն գործի համար նախկինում գործող «Նվիրիր կյանք» հիմնադրամը նույն նվիրաբերողներից նախորդ տարիներին ավելի շատ գումար էր ստանում որպես նվիրատվություն:

Իսկ թե ինչու էր Աննա Հակոբյանը համառորեն գաղտնի պահում նվիրատուների ցանկը, ինչ ծրագրային ծախսեր է կատարել այդ նվիրաբերված գումարներով, դրանց քանի տոկոսն է գնացել վարչական ծախսերին կամ ինչպես է ստացվում, որ հիմնադրամին գումար է նվիրաբերվել օրվա մեջ մի քանի անգամ, Աննա Հակոբյանը պետք է պատասխան տա։

Հարկ է նկատել, որ ի տարբերություն նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների, 2019 թվականին 1000 խոշոր հարկատուների մոտ նկատվել է վճարած հարկերի նվազում․ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ավելի քիչ հարկ են վճարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Ալեքս Հոլդինգը» «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և մի շարք այլ խոշոր հարկատուներ: Ստացվում է՝ հարկերը պակաս են մուծել, որ գումարներն ուղղեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին, որ այդ հիմնադրամների հոգածությանը դիմածներին օգնելու համար մի քիչ փող լինի, որ Աննան դատարկաձեռն չմնա, չէ՞ որ նա իր անձնական կապերով տասը դրամի մուտք չի կարող ապահվել այդ հիմնադրամ:

NEWSPRESS.am

Առնչվող Հոդվածներ