Հասարակություն

«Խնդրելու եմ, մի քիչ խիստ ձայնով եմ խնդրելու, որ գործարարներն աշխատանքի ընդունեն բանակում հաշմանդամություն ստացած երիտասարդների». ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում տարեկան կտրվածքով գրանցվող մահվան դեպքերին և ասաց, որ մտահոգություններ ունի:

«Տեղյակ եմ, ավելի մանրամասն ու ճգրիտ թվեր ունեմ, քան դուք: Այդ հարցը պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկում ենք: Հասարակության մեջ, ընդհանրապես հայության մեջ պետք է սկզբունք որդեգրենք, որ նույնիսկ մեկ մահը դա հսկայական ազգային ողբերգություն է, եթե նույնիսկ դա պատահար է: Եթե մենք յուրաքանչյուր մահ այդպես ընկալենք, յուրաքանչյուր զինվոր, զինվորի ընտանիք ու հրամանատար այդպես ընկալեն, այդ դեպքում ամեն մարդ զգույշ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ համակարգային լուծումներ պետք է լինեն այս հարցում, նա պատասխանեց. «Համակարգային լուծումների հարցը կառավարության հետ”:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև բանակի դերին ու նշանակությանը:

“Բանակը ինչ-որ իմաստով մեր ազգային զինանշանն է, սիմվոլն է: Մեր նման երկիրն իր այս հանգրվանում պարփակում է իր մեջ բանակին, և բանակը դառնում է իր առանցքային գործոններից մեկը: Բանակն ամենապարզ արտացոլումն է մեր կյանքի, եթե մեր կյանքում կոռուպցիա կա, միանգամից բանակում տեսնում ենք: Եվ եթե բանակում տեսնում ենք, որ այդ կոռուպցիայի հետ ապրում են, հետևաբար, դա կլինի սովորություն և ընդունելի կլինի սովորական կյանքում»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ բանակը պետք է ինչ-որ խնդիրներ դնի և գեներացնի, լոկոմոտիվի նման խնդիրներ դնի, որպեսզի լուծվեն: «Բանակը լինելու է էլեկտրոնային բանակ, նոր ժամանակների բանակ: Ես չգիտեմ՝ 20 տարի հետո ինչպիսին է լինելու մեր բանակը, բայց այսօր պետք է պատրաստվենք»,- հավելեց նա:

Արմեն Սարգսյանը նաև անդրադարձավ բանակում հաշմանդամություն ստացած երիտասարդների խնդրին: Ասաց, որ նրանց չի կարելի մոռանալ:

«Այո, չենք մոռանում, ուշադիր ենք, թոշակ են ստանում, սակայն այս բոլորից բացի կա մի պարզ հարց, որը մարդու ինքնության ու արժանապատվության մասին է: Նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ, պետք է իրենց հետ բերենք կյանք, ներգրավենք աշխատանքի մեջ: Նույն գործարարներին հարցրեք՝ իսկ դուք ի՞նչ եք արել մեր զինհաշմանդամների համար: Եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մեկին կարո՞ղ ես վերցնել, իհարկե կարող ես: Իսկ եթե 1000-ն ունես, գոնե 10 հոգու: Ես չեմ կառավարելու այս ծրագիրը, ես ոգեշնչում եմ մարդկանց, ոգևորում եմ, որպեսզի անեն: Ես գործնականում հանդիպելու եմ մեծ ընկերությունների հետ և իրենց քաջալերելու եմ, խնդրելու եմ, մի քիչ խիստ ձայնով եմ խնդրելու, որպեսզի իրենք այդ նույն բանն անեն: Եվ հարյուրավոր մեր երիտասարդները կյանք կմտնեն: Սա ձնագունդ է, եթե սկսեցինք… »,- ասաց Արմեն Սարգսյանը:

Առնչվող Հոդվածներ