Տնտեսական

Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են շուրջ 16%-ով:

Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 93,1 մլրդ դրամով կամ 16,1%-ով՝ կազմելով 672,1 մլրդ դրամ:

Խոշորագույն հարկատուների ցանկը տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, ինչպես եւ նախորդ եռամսյակում, գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը:

Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 32,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճելով շուրջ 2,5 անգամ:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը տեւական ժամանակ չէր զիջում առաջատարի իր դիրքը:

Վերջինս հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 30,4 մլրդ դրամ հարկ, ինչը զիջում է ընկերության 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5,8%-ով:

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 27,7 մլրդ դրամ հարկերով: Ընկերությունն ավելացրել է հարկերը 24,7%-ով, սակայն անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ մեկ հորիզոնականով զիջել է դիրքը ցուցակում:

Շուրջ 14 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է: Վերջինս նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազեցրել է հարկերը 13,7%-ով, սակայն մնացել ցանկի նույն հորիզոնականում:

Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը, 2018թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով, վճարել է 13,2 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 41,8%-ով, եւ այն 7-րդից դարձել է 5-րդ հարկատուն:

Հարկատուների տասնյակում է նաեւ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը 12,4 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 20,9%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ը՝ 10,1 մլրդ դրամ (աճ՝ 31,7%-ով), «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 9,9 մլրդ դրամ (անկում՝ 47,6%), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 9,3 մլրդ դրամ (աճ՝ 16,9%) եւ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 8,7 մլրդ դրամ (աճ՝ 10,9%):

Առնչվող Հոդվածներ