Հասարակություն

Խոշոր մատակարարում Հայաստան. ռազմական նոր ուրվագիծ:

Կապի ու տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա – Կայմակտչիեւային: Արշակյանը նշել է, որ կան երկկողմ գործակցության լավ նախադրյալներ, կապի, տրանսպորտի, նաեւ տեխնոլոգիական ոլորտներում:

Դեսպանն էլ նշել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպական աշխատանքի ընթացքում հայկական կողմի առաջարկներն ընդգրկելու անհրաժեշտությունը: Նշվում է առաջարկների ոլորտային լայն շրջանակ, ընդհուպ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Բուլղարիայի դեսպանի հետ կապի ու տրանսպորտի նախարարի հանդիպումը առաջին հայացքից դիտարկվում է ավելի շուտ աշխատանքային առօրյա-արարողակարգի շրջանակում, սակայն մի քանի հանգամանք թույլ են տալիս խոսել հանդիպման հետաքրքիր տողատակի եւ նշմարվող հեռանկարի մասին, որ կարող է միս ու արյուն ստանալ արդյունավետ աշխատանքի դեպքում:

Կապի ու տրանսպորտի նախարարությունը կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծով նախատեսվում է համալրել ռազմարդյունաբերության բաղադրիչով: Ընդ որում, օրերս այդ կապակցությամբ պատասխանելով լրագրողների հարցերին, նախարար Հակոբ Արշակյանը նշում էր, որ Հայաստանում ռազմարդյունաբերության հեռանկարը չպետք է պատկերացնել արտադրվող տանկերի կամ հրանոթների տեսքով, այլ նոր տեխնոլոգիական լուծումների:

Ամենեւին գաղտնիք չէ, որ ժամանակակից ռազմական, անվտանգային ոլորտը ներառում է ամենատարբեր գործիքներ եւ բաղադիչներ, որոնց առանցքում անընդհատ թարմացվող բարձրտեխնոլոգիական լուծումներն են: Ի վերջո, դրանք են նաեւ ժամանակակից տանկի կամ հրանոթի հզորության գրավականները:

Մյուս կողմից, Բուլղարիան ունի բավական մեծ ռազմարդյունաբերական համալիր, որտեղ արտադրվում են իհարկե հիմնականում խորհրդային զինատեսակներ: Այդ առումով, Հայաստանն ու Բուլղարիան կարող են ունենալ փոխշահավետ գործակցություն, հաշվի առնելով Հայաստանի տեխնոլոգիական, գիտատեխնիկական ներուժը:

Միաժամանակ, այստեղ արժե ուշադրության արժանացնել նաեւ հանգամանքը, որ Բուլղարիան վերջին տարիներին դարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դաշնակիցների հիմնական ռազմական մատակարարներից: Օրինակ, բուլղարական ռազմարդյունաբերության խոշոր պատվիրատուներից է եղել Իրաքը:

Ի դեպ, այս տեսանկյունից էլ հետաքրքրության է արժանի մի դրվագ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Երեւանում արած հայտնի հայտարարությունից հետո, ԱՄՆ սպառազինություն ձեռք բերելու առաջարկի վերաբերյալ, որ Բոլթոնն արել էր Երեւանին:

Դրանից հետո ռուսալեզու եվրասիական պարբերականներից մեկում եղավ ուշագրավ հրապարակում այն մասին, որ արձանագրվել է Բուլղարիայից Երեւան ռազմական ավիափոխադրումների մեծ շարք: Հրապարակման հեղինակներն այդ փոխադրումները ասոցացրել էին Երեւանում Բոլթոնի արած հայտարարության հետ:

Կա՞ հայ-բուլղարական ռազմա-տեխնիկական գործակցությունը ռազմարդյունաբերականի վերածելու իրատեսական հեռանկար: Չի բացառվում, որ կապի ու տրանսպորտի նախարարն ու Բուլղարիայի դեսպանը փորձում են հասկանալ հենց այդ հեռանկարի հնարավորությունը:

Այդ հանգամանքը ուշագրավ է նաեւ օրերս Վաշինգտոնում հայկական բանակի օրվա առիթով Պենտագոնի ղեկավարի Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Լորա Քուպերի հայտարարության ֆոնին: ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նշել էր, որ առաջիկայում կժամանի Հայաստան հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը խորացնելու հեռանկարները տեղում քննարկելու համար:

Կարո՞ղ է Բուլղարիան դառնալ հայ-ամերիկյան ռազմական գործակցության խորացման «երթուղիներից» մեկը:

Առնչվող Հոդվածներ