Հասարակություն

Ծայրահեղ աղքատությունն իսկապես խայտառակություն է, իսկ աղքատությունը գլխից հանելը վերաբերմունքի փոփոխություն է. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Կառավարության հնգամյա ծրագիրը սոցիալական մասով հեղափոխական է: «Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ աղքատությունը նախկին  իշխանությունների, նրանց մերձավոր շրջանակի կողմից օգտագործվել է ի շահ իրենց, այդ իմաստով դա նաև մտածված է եղել, և, այո, նախկին իշխանությանը ձեռնտու է եղել աղքատության այս մակարդակը: Աղքատությունը գլխից հանելը գործողություն է, դա վերաբերմունքի փոփոխություն է»: 

-Որքանո՞վ եք Կառավարության ծրագիրը սոցիալական առումով հեղափոխական համարում, և ի՞նչ կունենա քաղաքացին ծրագրի ավարտից հետո, քանի որ, ինչպես քննադատություններում է նշվում, ծրագրում թվային չափելի ցուցանիշներ չկան:

-Ծրագիրը բավականին սոցիալական է, և խոսքը միայն սոցիալական աջակցության մասին չէ: Շեշտադրում ենք մարդու կարողությունների զարգացումը, նրա զարգացումը որպես սոցիալական էակ, մենք մարդուն այդպիսին ենք ուզում տեսնել և ապահովելու ենք այդ հնարավորությունը: Իսկ սոցիալալական մասով՝ այո հեղափոխական է:

-Օրինակ, երբ գրվում է՝ կենսաթոշակները պարբերաբար ավելանալու են, պարբերաբարը ո՞րն է, ի՞նչ հաճախականության մասին է խոսքը:

-Չեմ կարող ասել, քանի որ ամեն տարվա համար ցուցանիշ նշելու սկզբունքով չենք գնացել, սակայն դա մեր առաջնահերթություններից է, քանի որ տարբեր գործոններով է պայմանավորված, բայց մեր նպատակները, ջանքերն ուղղված են նրան, որ մարդիկ ապահովված լինեն կենսաթոշակի առումով, արժանապատիվ ծերություն ունենան, և մեր աջակցությունը լինի հասցեական:

-Ստացվում է, որ կառավարության համար էլ անորոշ են այդ ցուցանիշները, այսինքն՝ ցանկությունը լավին հասնելն է, բայց թե որքան լավին և ինչպես՝ այնքան էլ չեն պատկերացնում:

-Ոչ, այդպես չէ, քանի որ ամենակարևոր ցուցանիշը մարդու բարեկեցության վրա դրական ազդեցությունն է, և մարդ կզգա իր առօրյայում, թե ինչպես է այն բարելավվելու: Նա կարողանալու է հոգալ իր կարիքները, կարողանալու է ակտիվ քաղաքացի լինել, քանի որ մենք աղքատությունը չենք դիտարկում միայն կենցաղային պայմանների առումով: Պետք է կարողանանք գտնել մարդկանց ուժեղ կողմերը և օգնել զարգացնել դրանք: Մենք ունենք բազմաթիվ զբաղվածության ծրագրեր, բայց պետք է բարձրացնենք դրանց արդյունավետությունը: Մենք չպետք է սահմանափակվենք միայն դրամական օգնությամբ, պետք է կոնկրետ գործողությունների շարք լինի, ծրագիր լինի, որ անցումը գործազրկությունից դեպի զբաղված, հասարակական ակտիվ քաղաքացի անցնցում կատարվի: Այստեղ պետք է ավելի ակտիվ օգտագործել և կիրառել մասնավոր գործակալությունների փորձը, նրանք ավելի ակտիվ են աշխատում և, կարծես թե, ավելի արդյունավետ: Այս տարի պատրաստվում ենք գրել զբաղվածության ռազմավարություն, և հույս ունեմ, որ այստեղ էլ կկարողանանք արդարացնել քաղաքացիների սպասելիքները:

-Նախկին նախարար Մանե Թանդիլյանը քննադատության ենթարկեց ծրագիրը և նշեց, որ կոնկրետ ցուցանիշներ չկան, և ծրագիրը հեղափոխական չէ, դուք կիսո՞ւմ եք նրա մտահոգությունները, քանի որ իր՝ նախարար եղած ժամանակ դուք փոխնախարար եք եղել. արդյոք պատկերացումների բախում եղե՞լ է:

-Մենք երբևէ բախում կամ նույնիսկ հակասություններ չենք ունեցել, հեշտ ենք աշխատել: Այս մտահոգությունն ընդունելի է այնքանով, որ ծայրահեղ աղքատությունն իսկապես խայտառակություն է, բայց այն իմաստով, որ շատ պարզ բաներ հաղթահարված չեն, և շատ պարզ բաների հասնելն իրոք, հեղափոխություն է մեզանում, չենք կարող ժխտել:

-Աղքատության առումով վարչապետը նշեց, որ նախ և առաջ դա մեր գլխում է, հիմա ինչպե՞ս եք դրա դեմ պայքարելու, հանելու եք մարդկանց գլխից այնպես, ինչպես վարչապետն ասաց, որ ինքն է հաղթահարել, թե՞ ռեալ աջակցությամբ:

-Գլխից հանելը գործողություն է, դա վերաբերմունքի փոփոխություն է: Երբ կա արժեքային համակարգի փոփոխություն, դա ենթադրոմ է գործողություն, իսկ գործողությունը ենթադրում է արդյունքներ: Այս իմաստով, այո, սկիզբը կարող է լինել այդպես:

-Ստացվում է, որ նախորդ իշխանությունը այդքան մեղադրվում էր աղքատության բարձր ցուցանիշ ունենալու համար, իրականում պատճառը հենց մարդկանց մեջ է եղել, չե՞ք կարծում՝ մարդիկ հեղափոխություն արեցին, որ ոչ միայն իրենց գլխում փոփոխություն լինի, այլ հենց ռեալ կյանքում:

-Վարչապետը նշեց, և ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ աղքատությունը նախկին  իշխանությունների, նրանց մերձավոր շրջանակի կողմից օգտագործվել է ի շահ իրենց: Օրինակ, երբ խոսում ենք բարեգործության մասին, որովհետև դրանից հետո ակնկալում ենք այս կամ այն գործողությունը քաղաքացուց, այս դեպքում իշխանությանը ձեռնտու է ունենալ աղքատության այս մակարդակը, այդ իմաստով դա նաև մտածված է եղել, և, այո, նախկին իշխանությանը ձեռնտու է եղել աղքատության այս մակարդակը, և մարդիկ հավատ չեն ունեցել: Հիմա հակառակն է, հենց սա է հեղափոխական, երբ ասում ենք, որ այսուհետ որևէ խոչընդոտ, արգելք չկա, մենք ստեղծում ենք հնարավորություններ պայմաններ, աջակցում ենք, բայց պետք է դուք քայլ անեք: Մարդիկ, ովքեր քաղաքական հեղափոխություն են արել, վստահ եմ, որ գիտեն, որ կարող են այլ հեղափոխություն էլ անել, և ցանկացած ոլորտում բերել փոփոխություն: Յուրաքանչյուրն իր տեղում իր քայլը կարող է անել:

— Նպաստների հարցում, վարչապետը նշեց, որ փոփոխություն է  լինելու և մեկ տարվա ընթացքում եթե նույնիսկ աշխատանք գտնեն նպաստ ստացողները, չեն զրկվելու նպաստից: Ավելի մանրամասն կներկայացնեք սպասվող փոփոխությունները:

-Հիմա քննարկումներ են ընթանում, ուսումնասիրում և պատրաստում ենք նպաստների համակարգի վերանայում, կամ ամբողջությամբ նոր մոդել: Սա դեռ ուսումնասիրությունների փուլում է, բայց մյուս կողմից մեր միտումը այնպիսին է, որ սոցիալական աջակցությունը լինի հասցեական, շատ ավելի օբյեկտիվ և անձնակենտրոն, օրինակ՝ երեխայի համար տրվի: Բացի դրանից, աջակցությունը լինելու է զբաղվածության կամ կարողությունների զարգացման տեսքով: Քննարկում ենք տարբերակ, որ զբաղվածության տեսքով աջակցություն տրվելու դեպքում մարդ միանգամից չզրկվի աջակցությունից և վստահ լինի, որ այն կշարունակվի, մինչև անձը վստահ լինի, որ իր հիմքը ամուր կլինի:

-Դեռ չորս տարի առաջ նախորդ կառավարությունն ասում էր՝ «մենք քաղաքացուն տալիս ենք կարթ, որ ձուկ բռնեն, ոչ թե ձուկ ենք տալիս, այսինքն՝ նույն տրամաբանությունն է, ինչ որ այսօր դուք եք տալիս, և նրանք ևս խոստանում էին պարբերական աճ, հիմա քաղաքացիներն ինչպես զգան տարբերությունը այս ասածների և նախկինում ասվածների, քանի որ այս ամիսների ընթացքում ձեր կառավարության աշխատանքի արդյունքում իր մաշկի վրա փոփոխություն կարծես չի զգացել:

— Ես չեմ կարող և չեմ ուզում համեմատվել նախորդ կառավարության հետ, որովհետև նախորդ կառավարությունն ասում էր, թե ընտրությունները արդար ու թափանցիկ էին, որ կար ժողովրդավարություն, եթե մենք ուղղակի այս թեզերը հնչեցնող կառավարության հետ ենք համեմատվում, ապա չունենք համեմատվելու որևէ եզր: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք պատրաստվում հասնել արդյունքի, ապա ասեմ՝ մեր ծրագրերով, գաղափարախոսությամբ, հավատ ներշնչելով, կամքով, մենք ունենք քաղաքական կամք. մենք ցույց ենք տվել, որ ինչ խոստում տվել ենք, իրականացրել ենք:

-Այսինքն՝ ստացվում է՝ քաղաքացին բարոյական հարթության մեջ է փոփոխության հասել և բարոյական հաղթանակ է տարել՝ հեղափոխություն անելով, ոչ թե սոցիալական պայմանների բարելավման համար է փոփոխություն արել:

-Այո, այս պահին այո, սոցիալական հեղափոխության հասնելու համար պետք է քաղաքական այդ արգելքները հաղթահարել:

www.tert.am

Առնչվող Հոդվածներ