Uncategorized

Կաշառք վերցնելու համար ձերբակալվել են ՍԱՊԾ-ի և զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյաներ. Արթուր Վանեցյան

Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է գտնվում. այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Նախաքննության ընթացքում պարոն Ավետիսյանի ընտանիքը՝ որդին, դիմել է պետգույքի կառավարման վարչությանը և Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը նվիրաբերելու ցանկություն է հայտնել: Այդ գործընթացն ընթացքում է»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդեն հյուրանոցն անցե՞լ է պետությանը, նա նշեց, որ եթե նման բան լիներ, հայտարարություն կլիներ:

«Դեռևս չգիտեմ՝ այս պահին ինչ վիճակում է, եթե անցներ պետությանը, արդեն հայտարարություն կլիներ»:

Անդրադառնալով այսօր Կառավարության դիմաց 10 ամիս առաջ զինված զինծառայողի հարազատների բողոքին, որոնք պնդում են, թե սպանել են զինծառայողին և գործը գտնվում է ԱԱԾ-ում, Վանեցյանն ասաց, որ նմանատիպ գործերը քննվում են Քննչական կոմիտեում:

«Այդ գործերը մեզ մոտ չեն քննվում, մենք աջակցում ենք քննչական մարմիններին մեր լիազորությունների շրջանակներում: Նման գործերի նկատմամբ շատ ուշադիր ենք: Ես կարծում եմ՝ բանակում, հատկապես խաղաղ պայմաններում զոհերը պետք է բացառվեն, խիստ մոտեցում պիտի լինի նման դեպքերի վերաբերյալ, որպեսզի մեր բանակում սպանություններ, ոչ կանոնադրային դեպքեր չգրանցվեն:

Վանեցյանը չհերքեց, որ ներկայումս էլ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում:

«Մի երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա` կաշառք վերցնելու փաստով: Ձերբակալվել է նաև սննդի անվտանգության պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա հենց գումար վերցնելու պահին»,- տեղեկացրեց նա:

Ամալյա Առաքելյան

www.tert.am

Առնչվող Հոդվածներ