Հասարակություն

«Կառավարական դաչաների» Սերժ Սարգսյանի առանձնատունը դեռ անտեր է. ո՞րն է զբաղեցնելու Արարատ Միրզոյանը

Առայժմ պարզ չէ, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կառավարական ամառանոցում որ առանձնատունն է զբաղեցնելու: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան: Հետաքրքրվել էինք նաև, թե, մասնավորապես, ԱԺ նախագահին տրվող առանձնատան վերանորոգման և կահավորման համար որքան գումար է անհրաժեշտ: ՊՈԱԿ-ից ստացված գրավոր պատասխանում տեղեկացրել էին, որ այդ տեղեկությունը ևս չեն կարող տրամադրել՝ այն պատճառով, որ հայտնի չէ, թե Արարատ Միրզոյանին որ առանձնատունն են տրամադրելու: Միաժամանակ փոխանցում են, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կազմի մեջ գտնվող բոլոր առանձնատներն ունեն վերանորոգման և գույքով համալրելու անհրաժեշտություն: Սակայն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ այս պահին հաշվարկներ չունեն, թե վերանորոգման և գույքի ձեռքբերման համար, որքան գումար է անհրաժեշտ լինելու: Հիշեցնենք, որ Միրզոյանը կառավարական ամառանոցների տարածք տեղափոխվելու մասին հայտնել էր հունվարի 30-ին՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով: «Առաջիկայում պիտի տեղափոխվեմ, այսպես կոչված, կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք»,- տեղափոխությունն այսպես էր հիմնավորել Միրզոյանը: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առկա առանձնատներից ամենաինտրիգայինը 6-րդ մասնաշենքն է, որն այս պահին զբաղեցված չէ որևէ պաշտոնյայի կողմից: Սա այն առանձնատունն է, որը սպասարկել է Սերժ Սարգսյանին և վերջինս էլ այն փորձեց սեփականաշնորհել՝ պաշտոնավարման ավարտին: Այս առանձնատունը շահագործման է հանձնվել 2010 թվականից: Ի դեպ, Սերժ Սարգսյանն այդպես էլ պետության կողմից առանձնատուն չստացավ՝ որպես պաշտոնաթող նախագահ: Նա այժմ բնակվում է փեսայի՝ Միքայել Մինասյանի Ձորաղբյուր գյուղի առանձնատանը: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ կառավարական ամառանոցում բնակվում են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկում է 2-րդ մասնաշենքը, իսկ 3-րդ մասնաշենքը մայիսի 5-ից զբաղեցնում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ: Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում: Ի դեպ. պաշտոնյաներն այնքան էլ հակված չեն կառավարական ամառանոցում բնակվել, որովհետև առանձնատները վերանորոգման խիստ կարիք ունեն։

Հայկ Վարդանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/122779.html?fbclid=IwAR3oi9ObpdYJ9XX1sHSdPLGFvyR_KCeFWUGsYQQUrLzYYD9NoaYZFjancX4

© factor.am

Առնչվող Հոդվածներ