Քաղաքականություն

Կառավարության ծրագիրը ոչ թե ժողովրդական զարգացման ուղղություն ունեցող երկրի, այլ նախկին վիճակը հաստատելու ու ամրագրելու ծրագիր է․ Հայկուհի Հարությունյան

Կառավարության ծրագիրը որպես հետհեղափոխական հասարակության կամ կառավարության ծրագիր շատ ավելի թույլ է արտահայտում հիմնական խնդիրները։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Կառավարության ծրագրի հետ կապված քննարկումները պետք է լինեին մինչ ծրագրի հաստատումը։ Հարությունյանը նկատեց, որ հեղափոխություն արած ժողովուրդն այլ ակնկալիքներ ուներ՝ բոլոր ոլորտների հետ կապված։

«Ծրագիրը եթե համեմատում ենք նախորդ կառավարության ծրագրերի հետ, ըստ էության, ունի նույն մոտեցումները թե՛ խնդիրների առաջադրման, թե՛ այդ խնդիրների հնարավոր լուծումների օգտակար մեխանիզմների առումով։ Կարծում ենք՝ այն իրականությունը, որ մենք ունենք 2018 թ․-ի ապրիլից հետո, ճիշտ ձևով տեղ չի գտել Կառավարության ծրագրում։ Այդ ծրագիրը ոչ թե դեպի առաջ ու ժողովրդական զարգացման ուղղություն ունեցող երկրի կամ կառավարության ծրագիր է, այլ նախկին վիճակը հաստատելու ու ամրագրելու ծրագիր է»,- ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք Կառավարությանը ներկայացրել են գործողությունների փաթեթ՝ հույս ունենալով, որ գոնե կդառնար քննարկման  առարկա, սակայն անակնկալի են եկել, քանի որ հետադարձ կապ չի եղել՝ ո՛չ կառավարության, ո՛չ որևէ նախարարության կողմից։

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրում արդարադատության և մարդու իրավունքների բլոկին, Հայկուհի Հարությունյանը նկատեց, որ 2 խնդիր է առանձնացվել՝ գործադիր իշխանության կողմից հրահանգված որոշումների բացառումը դատական համակարգում, անհատական մակարդակում կաշառքի բացակայությունը։

«Խնդիրները վաղուց կան և արձանագրվել են, բայց կարծես թե լուծումների ուղղությամբ անհամաչափություն ունի ծրագիրը, քանի որ ինստիտուցիոնալ լուծումներ չկան։ Օրինակ, ծրագիրը որպես այդպիսին չի անդրադառնում նաև դատավորների ներքին կարգադրության խնդրին։ Վճռաբեկ դատարանի ազդեցությանը, որի մասին տարիներ շարունակ անընդհատ բարձրաձայնվել է թե՛ անհատ փաստաբաններին, թե՛ միջազգային կառույցների կողմից»,- ընդգծեց Հարությունյանը։

Վերջինս նաև նշեց, որ չկա դրույթ, թե ինչ պատիժ պետք է լինի այն դատավորներին, որոնք նախկինում վճիռներ են կայացրել քաղաքական հրահանգով, բայց նկատեց՝ Կառավարությունը հաստատել է, որ գործադիր մարմինն ազդել է դատական համակարգի որոշումների վրա։

www.tert.am

Առնչվող Հոդվածներ