Հասարակություն

Կարեն Քոչարյանը պատրաստ է վերադառնալ էկրան, եթե իրեն վայել նախագիծ ու վարձատրություն առաջարկվի:

Հեռուստատեսությունը մարդու և աշխարհի շփման լավագույն միջոցներից է, դաստիարակիչ մեթոդ, զենք, որը պետք է ճիշտ ու նպատակաուղղված օգտագործել: Խաթարելով եթերը՝ խաթարում ենք շատերի աշխարհայացքը: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը հաղորդավար, ռեժիսոր, լրագրող, հեռուստատեսության մշտական նվիրյալ Կրեն Քոչարյանն է, ով հասցրեց մեր զրույցի ընթացքում և վերհիշել, և բարկանալ, և կարոտել ու անկեղծանալ:

Դուք մեր լավագույն հաղորդավարներից եքայսօրվա համար՝ բացառիկներիցԻնչո՞ւՁեզ եթերում չենք տեսնում:

— Նախ` շնորհակալ եմ գնահատականի համար: Եթերում շատ եմ լինում, բայց հյուրի կարգավիճակով: Գրեթե բոլոր ալիքները հրավիրում են: Ինչ վերաբերվում է նախագծերին,ապա դա կախված է միմիայն հեռուստաալիքների ղեկավարներից: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի գանձերը» հաղորդաշարից հետո ոչ մի առաջարկ չի եղել: Ինքս էլ չեմ սիրում սեփական գովազդով զբաղվել: Մտքեր և նախագծեր շատ կան, բայց չեմ ուզում դրանք հենց այնպես բացահայտել: Պլագիատի վտանգը մեծ է:

-Իսկ ինչո՞ւ «Երկրի գանձերը» չշարունակվեց, չէ՞ որ ուսուցողական էր, հետաքրքիր:

-Չգիտես ինչու, պատճառաբանեցին, որ վարկանիշ չունի: Մե՜ծ սուտ, անհնար է, որ չունենար: Եթե մեկ ժամանոց եթերում 10 րոպեն մեկ գովազդ էր մտնում, ինչպե՞ս կարող էր այդ հաղորդումը ցածր վարկանիշ ունենալ:  Մի խոսքով՝ ես և իմ նմանները միշտ պատրաստ ենք վերադառնալ էկրան,եթե մեզ վայել նախագիծ առաջարկվի և, իհարկե, մեր մակարդակին և փորձին վայել վարձատրություն:

-«Էկրանից դուրս» ինչո՞վ եք այսօր զբաղվում:

-Աշխատանք շատ ունեմ: Շատ հաճախ հեղինակում և վարում եմ շատ պատվաբեր համերգային ծրագրեր: Չեմ ամաչում և նույնիսկ հաճույքով վարում եմ կորպորատիվ երեկոներ և հարսանիքներ,ծնունդներ … Մարդկանց ուրախություն եմ պարգևում: Ահա այսպես (ժպտում է):

Պարոն Քոչարյան, ըստ Ձեզ ո՞րն է իրական պատճառըոր Ձեր սերնդակիցներից ոչ ոքկարելի է ասելհաղորդումներինախագծերի շրջանակներում չկանՏարիքըկարծումեմպատճառ հանդիսանալ չի կարողքանի որնախ՝ ոչ եթերային տարիքից (եթե նմանբան կաշատ հեռու եքև հետո՝ ինտելեկտի և փորձի խնդիր չունեք:

-Իմ սերնդակիցներից շատերն ունեն ասելիք, սակայն եթերը նրանց համար անհասանելի է: Կարծում եմ,որ պատճառաբանություններ չեն կարող լինել, քանի որ երբեք այդ հարցին պատասխան չենք ստացել: Մի անգամ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարին անկեղծորեն առաջարկեցի համագործակցություն: Նրա դեմքին շփոթվածություն նկատվեց, կամ նա չէր սպասում նման առաջարկի, կամ՝ մտածում էր՝ լավ, հիմա ես ի՞նչ պատասխանեմ: Այդ օրվանից չեմ դիմել և չեմ դիմի որևէ մեկի: Մենք «պետք չենք», երևի, այն պատճառով, որ ունենք գիտելիքներ ու պրոֆեսիոնալիզմ, որը շատերին հնացած է թվում: Բայց գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի հնացածը ո՞րն է: Հիշում եմ 88թ.-ին Ազատության հրապարակում մի, այսպես կոչված, կարգախոս կար «Հեռու-ստա-տեսություն»: Այն էլ այն տարիներին, երբ Նորքի բարձունքում դեռ աշխատում էին հեռուստատեսության նվիրյալները: Այնուամենայնիվ, ինչքան էլ քննադատում էին հեռուստատեսությանը, մենք փորձում էինք նոր, թարմ շունչ փոխանցել, և դա մեզ հաջողվում էր, որովհետև այն տարիներին լինելով երիտասարդ ու խենթ՝ կողքներիս ունեինք ավագ սերունդ: Հենց այդպես ծնվեց հեռուստատեսությունում նոր խոսք հանդիսացող «Խճանկար» կիրակնօրյա ինֆորմացիոն-երաժշտական-զվարճալի ծրագիրը, որին սպասում էին՝ հաշվելով ժամերը և օրերը: Ծնվեց առաջին Ամանորի մարաթոնը, որը տևեց մոտ 24 ժամ, մեծ մասը՝ ուղիղ եթերում:

-Ծնվեց նաև «3-րդ ալիքը»..

-Դա 91-ին էր, որը դարձավ Հայկական հեռուստատեսության ամենաերկարակյաց ծրագիրը: Նշեք մի հաղորդում, որն առանց ընմիջվելու ապրեց 17 տարի: Ի դեպ, այս պարագայում կրկին մեր կողքին ավագ սերունդն ու ղեկավարությունն էր. «3-րդ ալիք»-ի գաղափարը պատկանում է Հայկական հեռուստատեսության լավագույն մեկնաբաններից մեկին՝ Ռոբերտ Մավիսակալյանին: 1991-ից մինչև 99-ը եկան և գնացին մի քանի հեռուստաղեկավար, ովքեր, եթե չեն օգնել, ապա չեն էլ խանգարել մեզ՝ հասկանալով, որ անհրաժեշտ ենք հեռուստատեսությունում: Միայն 99-ին, երբ եկավ նոր թիմ՝ Տիգրան Նաղդալյանի ղեկավարությամբ, հանդգնեցին անել ամեն ինչ, որ եթերաժամը կրճատելով՝ «հոգնեցնեն» ծրագիրը. 7-8 ժամանոց հաղորդունը դարձավ 40 րոպե ու մենք ստիպված էինք հեռանալ Նորքի բարձունքից : Այդ օրերին «Новое время» թերթում տպագրվեց Կարեն Միքայելյանի հոդվածը, ուր զուգահեռներ էին տարվում «3-րդ ալիքի» և այդ տարիների երիտասարդացված Ազգային հեռուստատեսության հաղորդաշարերի մեջ:

-Բովանդակությամբ շա՞տ էին տարբերվում:

-Բովանդակությամբ նույն հաղորդումներն էին՝ անչափ պրիմիտիվ մոտեցմամբ: Սա էր պատճառը. ի՞նչ պիտի անեին նորաթուխ դեղնակտուցները, եթե նրանց կողքին լինեին պրոֆեսիոնալները…Պետք է միշտ գիտակցել, որ բացառիկ արդյունքի կարելի է հասնել միայն միահամուռ ուժերով:

-Պարոն Քոչարյան, այսօր հաղորդումները որքանո՞վ են նպաստում հեռուստադիտողիինտելեկտուալ աճինժամանցի ճիշտ կազմակերպմանը:

— Ի ուրախություն մեզ, կարող եմ ասել, որ տեսնում եմ երիտասարդների, որոնք լիովին իրավունք ունեն լինել եթերում, որոնց խոսքն անչափ բովանդակալից է և տեղ է հասնում: Ես չեմ ուզում անուններով նշել ոչ լավը,  ոչ էլ վատը, քանզի դա իմ մասնագիտական աշխարհն է և ես սովորություն չունեմ «աղբը տանից հանել»: Երբ ես տեսնում եմ ցանկացած հեռուստաընկերության եթերում մի լավ հաղորդում, կամ հաճելի, կիրթ և գրագետ դեմք, անչափ ուրախանում եմ, սիրով հետևում նրանց աշխատանքին: Սակայն, երբ տեսնում եմ անմակարդակ, վուլգար, անգրագետ դեմքեր, դատարկ, ոչինչ չասող հաղորդումներ՝ անչափ ցավ եմ ապրում, նույնիսկ վիրավորվում եմ իմ մասնագիտության համար: Հայաստանի հեռուստաաշխարհում ավելի շատ անիմաստ, ոչինչ չասող հաղորդումներ կան, քան ինտելեկտուալ, բովանդակալից, դաստիարակող:

-Այսօր նաև ընտրության մեծ հնարավորություն կա. հեռուստաընկերությունները շատ են: Դա հնարավորություն չի՞ տալիս մի լավ բան գտնել եթերում:

-Համոզված եմ, եթե 17 երևանյան հեռուստաընկերություններից մնան գոնե չորսը, կարելի կլինի որակ ապահովել: Իհարկե, եթե այդ չորս հեռուստաընկերություններում հավաքվեն բոլոր սերունդների պրոֆեսիոնալները: Օրինակ տեսեք՝տարիներ շարունակ Լոս Անջելեսում բացվում են անկախ, ես կասեի՝ անկապ հեռուստաընկերություններ, որոնց մեծ մասը, թող ինձ ներեն կոպիտ խոսքի համար, «աղբ» են հիշեցնում: Միևնույն ժամանակ նույն Լոսում այսօր մենք ունենք այնպիսի հզոր մասնագետներ, որ յուրաքանչյուր հեռուստատեսություն կերազեր ունենալ: Նրանց թիվն այսօր երևի 1000-ն անցնում է: Եվ եթե նրանք միավորվեին և ստեղծեին մի հզոր հեռուստատեսություն, մնացած «թափթփուկները» կփակվեին և ԱՄՆ-ի մեր սփյուռքը կունենար արժեքավոր հեռուստատեսություն: Տեսնո՞ւմ եք, նույն բանն էլ Լոսում է կատարվում:

-Այսօր զվարճալի հաղորդումները եթերի գերակշիռ մասն են կազմում: Դա վտանգավոր չէ՞:

-Հեռուստատեսությունը պիտի զվարճացնելով՝ կրթի իր հեռուստադիտողին: Այն, ինչ արել ենք «3-րդ ալիքում»: Տեսնո՞ւմ եք, արդեն 6 տարի է, ինչ այդ հեռուստանախագիծը եթերում չէ, բայց մեր հանդեպ սերն ու հարգանքը մնացել է: Մենք միայն բարին ենք սփռել էկրանից, երբեք չենք թաթախվել քաղաքականության ինտրիգների մեջ: Մեր քաղաքականությունը միշտ եղել է և կմնա մեր երկրի հարուստ մշակույթը, մեր պատմությունը, մեր հարազատ Երևանը մեր սրտին անչափ հարազատ երևանցիներով: Դրանով ենք շարունակում ենք պայքարել տգիտության,անգրագիտության,ստորության ու դավաճանության դեմ:

Եթե առաջարկ ստանաք դրսի հեռուստաշուկայիցկընդունե՞ք:

-Առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն դրանցից շատերը չեն համապատասխանել իմ պահանջներին: Ընդորում ոչ թե ֆինանսական, այլ ստեղծագործական: Դեռ 1989 թվականին առաջարկ ստացա աշխատել Ուժգորոդի հեռուստատեսությունից, ուր իմ համար ստեղծում էին բոլոր պայմանները՝ տուն,գրանցում, ազատ ելք ու մուտք արտասահման, բարձր աշխատավարձ: Հրաժարվեցի, որովհետև Հայաստանում ունեի իմ հեռուստատեսությունը, իմ ընկերները, մեր «Խճանկարը»…Նաև 1991-ին, երբ Երևանում ծանոթացա Վլադ Լիստևի հետ, ավելին՝ նրա հետ մարզահամերգային համալիրի բեմից վարեցի «Հրաշքների դաշտ» հաղորդումը, նրանից առաջարկ ստացա՝ տեղափոխվել Մոսկվա: Այդ ժամանակ պատրաստվում էր դառնալ ОРТ-ի գլխավոր տնօրենը: Շատ գայթակղիչ առաջարկ էր: Ինչպես ասում է Շերենցի հերոսը «Տղամարդիք» ֆիլմից՝ «Մտածել է պետք»: Եվ ես ընկա մտածմունքների մեջ… Ամեն ինչ, ցավոք, «իր տեղը» դրեց նորին գերազանցություն պատմությունը. մեծ ցավ էր ինձ համար,երբ իմացա Վլադի սպանության մասին: Ոչ նրա համար,որ կորցրեցի հնարավորությունս,այլ, երբ նման ձևով են վարվում պրոֆեսիոնալների հետ՝ գնալով Աստծո դեմ:

Չե՞ք մտածում հեռուստահաղորդավարների դպրոց բացելուդասավանդելու մասին:

-Այսօր կան շատ-շատ ստուդիաներ, դպրոցներ, կուրսեր, որտեղ սովորում են, ավարտում և համարվում հաղորդավար: Այդ դասընթացները տևում են 6, 8, 10 ամիս, երբեմն՝ 1 տարի: Քիչ է, շատ քիչ է: Պատահակա՞ն էր, որ մենք մասնագիտություն ենք ձեռք բերել՝ սովորելով 4-5 տարի, շատերը շարունակել են ուսումը ասպիրանտուրայում: Իսկ ո՞վ ասաց, որ հաղորդավարը մասնագիտություն չէ:  Այն էլ ինչ բարդ մասնագիտություն է: Այն պիտի Աստվածատուր լինի, իսկ հետո՝ ինչքան կարող եք սովորեք և կատարելագործվեք: Ես դասավանդում եմ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Պանարմենիան մեդիա» դպրոցում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի ու Սլավոնական համալսարանի գործակցության առաջին տարում Բիզնես դպրոցի մեդիա լրագրության դասընթացների կուրսն ավարտեցին 9 ուսանող, որոնք այսօր շարունակում են գործնական հմտություններ ձեռք բերել: Նրանցից մեկ-երկուսը նույնիսկ աշխատում են:  Դասերի ընթացքում զգում էի, որ նրանցից շատերը փորձում էին վերցնել, «գողանալ» ինձնից ինչ հնարավոր է, և հասկանում էի, որ դա նրանց անհրաժեշտ է, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց:

Մեր այսօրվա հաղորդավարներից շատերին հանդիպում ենք նաև ֆիլմերումԹեև՝մեծամասամբ դերասաններ ենՆորմա՞լ է երևույթը:

-Եթե դա լուրջ աշխատանք է, ապա այո, նորմալ է: Լուրջ ասելով՝ նկատի ունեմ պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե կատակերգություն, կամ դրամա: Կան հաղորդավարներ, որոնք ունեն թատերական կրթություն և ունեն դրա իրավունքը: Օրինակ, Նազենի Հովհաննիսյանը, ով միշտ անչափ լուրջ է մոտենում յուրաքանչյուր գործին: Իսկ, ահա, եթե Հայկոն ու Մկոն չունեն դերասանական կրթություն, դա նրանց չխանգարեց ստեղծել հրաշալի կերպարներ: Եվ եթե ես լինեի Թատերական ինստիտուտի ռեկտոր,  պարզապես նրանց կտայի դերասանի դիպլոմներ, ինչին շատ հաճախ արժանի չեն նույն ինստիտուտի շրջանավարտներից ոմանք:

-Եթե չեմ սխալվում, դուք ևս դերասանական կրթություն ունեք: Ձե՞զ ինչու չենք տեսնում այդ ոլորտում:

-Եթե մի օր ստանամ առաջարկ ֆիլմում նկարահանվելու, չեմ հրաժարվի, իհարկե,եթե այն կհամապատասխանի իմ պահանջներին (ժպտում է):

-Ընդհանրապես, ի՞նձ է թվում, թե այսօր ամենուր, այդ թվում հեռուստաընկերություններում բարձիթողի վիճակ է:

-Կցանկանայի, որ մեր ժամանակների խստությունը, գոնե որոշ չափով, լիներ: Գոնե, երբ լուրերում կադրում խոսում է Երվանդ Երզնկյանը, չհայտնվի «Կոնստանտին Օրբելյան. կոմպոզիտոր» տիտրը: Եթերում Մարիամի փոխարեն չասեն ՄաՅրամ, գնալուց չասեն «Ստեսցուն ձեզ» և այլն… այնքան շատ են սխալները:

-Սերիալների՞ն ինչպես եք վերաբերում: Դրանք իսկապե՞ս ժամանց են ապահովում:

-Ի՞նչ են դրանք պրոպագանդում, ի՞նչ լեզվով է դա արվում: Ինչքա՞ն կարելի է բացասական լիցք հաղորդել էկրանից:  Լուրերը լսում ես՝ սպանություններ, ավտովթարներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ, դատավարություններ, հանցագործություններ: Սերիալ ես նայում՝ նույնը: Դե լավ էլի, ինչքա՞ն կարելի է: Մեղք չի՞ այս ժողովուրդը: Եթե սերիալում դերասանը հրաժարվում է նկարահանվելուց, իրեն, անպայման, պիտի «սպանեն»: Ֆանտազիան դրանից այն կողմ չի գնում: Բայց, որ ասեմ չեմ նայում սերիալներ՝սուտ կլինի: Ժամանակ առ ժամանակ նայում եմ, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատարվում եթերում: Ի դեպ, շատ եմ ափսոսում դերասաններին: Փայլուն դերասաններ կան այդ սերիալներում: Ինչու նրանք պիտի այդ անկապ տեքստերը արտասանեն: Ինչո՞ւ չեն ուզում վերականգնեն «Հեռուստաթատրոնը», որպեսզի ներկայացումներ բեմադրվեն, և նույն դերասանը խաղա ոչ թե ինչ-որ հորինված հանցագործի,այլ,  ինչու չէ, որևէ հայ, ռուս, կամ արևմտաեվրոպացի դրամատուրգի պիեսում:

-Շատ գործնական զրույց ստացվեց: կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կարող եմ նորից գործնական տեսանկյունից անդրադառնալ (ծիծաղում է): Այսօր փորձում եմ ինչքան հնարավոր է հեռու պահել իմ երեք դստրերին նման հեռուստաերևույթներից: Իհարկե, հնարավոր չէ, որպեզի նրանք չհետաքրքրվեն ժամանակակից կյանքով, համակարգչային ֆեյսբուքյան-թվիթերյան խառնաշփոթով, սակայն դրա հետ միասին նրանք զերծ չեն մնում նաև ոսկե դարաշջանի՝ 20-րդ դարի մշակույթից: Դրան նպաստում է նաև ընտանեկան մթնոլորտը,անկասկած դպրոցում և հետագայում ստացած գիտելիքները, իհարկե՝ ինքնակրթությունը: Այն համերգները, որոնք ես եմ վարում, այն հաղորդումները, որոնք ժամանակին պատրաստվել են «3-րդ ալիքում»: Եվ ինչն է ուրախալի. զարմանալի կթվա, բայց նրանք կարդում են, ինչը այսօր շատերի համար տարօրինակ է հնչում: Նրանց սերնդակիցների հետ ես էլ, տիկինս էլ միշտ շփվում ենք: Ես աշխատում եմ նաև իմ հարազատ,Պուշկինի անվան դպրոցում, իսկ կինս՝ Եվան, ավագ «Ակադեմիական» դպրոցում: Մենք, որպես ծնող, երջանիկ ենք: Մեր երեք դստրիկներն էլ ունեն իրենց «ես»-ը, բայց երբեք չեն արհամարհում մեզ: Նրանց մոտ ամեն ինչ առջևում է և նրանք ունեն անցնելու դժվարին ճանապարհ այս դաժան աշխարհում: Աստված երջանկություն ու խաղաղություն տա մեր բալիկներին և նրանց սերնդակիցներին: Հավատում եմ,որ նրանք կփրկեն Երկիր մոլորակը:

 

Հեղինակ ` Նելլի Մարգարյան

Առնչվող Հոդվածներ