Տնտեսական

ԿԲ-ն եւ ՀՀ բանկերը հաշվի են առնում Իրանի սանկցիաներից բխող հետեւանքները:

ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ «ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու եւ արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով»։

«Ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 6-ին եւ նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին եւ իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետեւանքները։

Հարկ է նշել, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռեւս մինչեւ 2016թ. հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։

Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որեւէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների եւ արգելքների պատշաճ իրագործումը»,- ասված է հայտարարությունում:

Առնչվող Հոդվածներ