Հասարակություն

Կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից է, որ իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, ուրեմն կհաջողենք. Արարատ Միրզոյան

Հընթացս խմբագրել եմ ելույթս եւ մի վերնագիր ունեմ ելույթիս համար՝ ջրամբարների, քաղաքացիների եւ Էդմոն Մարուքյանի մասին: Այսպես սկսեց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: Մեր գործընկերները մեզ իրավացիորեն հարցնում են՝ ո՞ւր են ձեր թվերը, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում եւ քանի՞ ջրամբար եք կառուցելու: Այս հարցերի պատասխաններն, այո, ծրագրում չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են»,- նշեց նա:

ԱԺ նախագահը հավելեց, որ այդ հարցադրումներն իրեն տանում են հետ, երբ իրենք քննարկումների շարք ունեին, հասկանում էին, որ որ Հայաստանը հայտնվել էր մի պահի, որտեղ կա երկու ճանապարհ՝ կա՛մ շարունակում է ապրել ճորտատիրական ճահճում, եւ երկիրը նետվում է ձախողված պետությունների զամբյուղը, կա՛մ դուրս են գալիս այդ փոսից եւ կանգնում զարգացման ճանապարհին:

«Մեր գործընկերները մեզ համոզում էին, որ կա երրորդ ճանապարհ: Մենք ասում էինք՝ չկա երրորդ ճանապարհ: Մեզ հարցնում էին՝ ո՞րն է ձեր պլանը, երբ մենք մեր գրասենյակում էինք, երբ մարզերում էինք, եւ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս: Մենք միշտ ասում էինք՝ մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հավատի եւ գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն եւ քաղաքացու հաղթանակ: Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությունն ապահովեց քաղաքացու հաղթանակը»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա համաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանի հետ, որ շատ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո. «Բայց տասնապատիկ դժվար է լինել իշխանություն եւ 100-ապատիկ ավելի դժվար է լինել քաղաքացի»:

Միրզոյանն այնուհետեւ նշեց, որ ինքը ցանկանում է բացատրել, թե ինչու է ավելի դժվար լինել իշխանություն եւ քաղաքացի, բայց ասաց, որ բացատրելու համար պետք է 1000 տարի հետ գնա: «1000 տարի առաջ մենք կորցրինք մեր պետականությունը եւ դրան հաջորդող 1000 տարիների ընթացքում սովորեցինք ապրել այնպիսի պայմաններում, երբ հարկահավաքը մերը չէր, ոստիկանը, տեղական ադմինիստրացիան, կենտրոնական իշխանությունը մերը չէր, օտարինն էր, բանակը մերը չէր, հաղթանակը մերը չէր, մերը մեր տունն ու հողամասն էր: Եվ այդպես մեր մտքերում առաջացան բարձր պարիսպները, մեր տների ու հողամասների եւ մնացած աշխարհի միջեւ:

Այդպես է մինչեւ հիմա մեր մտքերում, որովհետեւ մարդը չի տեսնում կապը իր աշխատանքի, եկամտի եւ պարսպից դուրս գտնվող ցեխոտ ճանապարհի, կառուցվող դպրոցի կամ հիվանդանոցի, պահվող բանակի եւ հաղթանակի ու խաղաղության միջեւ, այդ ընկալումը չկա: 1918-ին վերջապես ունեցանք պետականություն, սակայն իր կարճ կյանքի ընթացքում առաջին հանրապետությանը, ցավոք, չհաջողվեց այս խնդիրը լուծել օբյեկտիվորեն: Այդ երկու տարվա ընթացքում այդ պետությունը պատերազմ էր մղում իր 4 սահմաններից 8-ով, պատերազմ էր մղում դրսում, ներսում, ֆիզիկապես, զենքով, որը չկար շատ դեպքերում, համաճարակի դեմ, սովի դեմ եւ շանս չուներ այս հարցը լուծելու: Այս հարցը չէր կարող լուծվել նաեւ հետագայում՝ Սովետական Միության տարիներին, որովհետեւ էլի կենտրոնը մերը չէր: Կենտրոնը, հարկահավաքը մերը չէր, մեր աշխատանքը կապ չուներ կառուցվող դպրոցի, հիվանդանոցի, եւ թոշակի հետ»,- նշեց նա:

Այնուհետեւ ԱԺ նախագահն ասաց, որ երբ հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, հայտնվեցինք պատերազմի մեջ, հաղթեցինք, կառուցեցինք պետականություն, ինստիտուտները ձեւավորեցինք, բաց հետո անիվը հայտնվեց իր սիրած փոսում.

«Մենք հայտնվեցինք ճահճում, ֆեոդալական կարգերում, երբ մի գյուղի ջրանցքի վինտիլի միացումը համաձայնեցվում էր մինչեւ վերեւ, եւ զուգահեռ այդ հաշվապահությանը մեկ ուրիշ հաշվապահություն կար, թե այդ վինտիլից վերեւ գնացողն ինչքան է: Շանս չկար ձեւավորվելու: Եղել են բացառիկ էպիզոդներ, երբ մենք կարողացել ենք լինել քաղաքացի եւ բոլոր այդ դեպքերում հաջողել ենք. այդպես էր արցախյան շարժման տարիներին, երբ մենք ունեցանք պետականություն, այդպես էր արցախյան ազատամարտի ժամանակ, երբ մենք ունեցանք ազատագրված հայրենիք, այդպես էր, երեւի ճիշտ եմ ասում, Ապրիլյան կարճատեւ պատերազմին, երբ հումոր ծնվեց՝ ողջ աշխարհում պատերազմի ժամանակ փախչում են երկրից, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պատերազմի ժամանակ ներգաղթ էր, համազգային մասնակցություն: Այդպես էր նաեւ մեկ տարի առաջ, երբ մենք կարողացանք արթնացնել քաղաքացիների հավատը, եւ ապահովվեց քաղաքացիների հաղթանակը»,- շեշտեց նա:

Միրզոյանը նշեց, որ այս ամենը նրա համար է ասում, որ վարչապետը ճիշտ է, երբ ասում է՝ հնարավոր է այս ծրագիրն իրականացնել, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը, այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը:

«Կառավարության միակ մարտահրավերը սա է, իմ խորին համոզմամբ: Եթե դա հաջողվի կառավարությանը, ապա ծրագիրը կիրականացվի: Կհասկանա՞ խանութպանը, որ իր տված ՀԴՄ-ից է, որ իր ծնողի թոշակի հարցն է լուծվելու, կհաջողենք, կհասկանա՞ մարդը, երբ որ ինչ-որ տեղ չգրանցված աշխատում է եւ ունի եկամուտ, 500 հազար վարկ է վճարում, չպետք է շուստրիությամբ փարոս ստանա, էն մյուս հիվանդանոցի հարցն էլ կլուծվի, դպրոցի հարցն էլ, չէ՝ չէ: Սա կառավարության, ընդդիմության հարցը չէ, սա մեր բոլորի ընկալման հարց է»,- եզրափակեց նա:

Առնչվող Հոդվածներ