Քաղաքականություն

Կոչ եմ անում Լոռու մարզում քվեարկել ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին. Արփինե Հովհաննիսյան

Կոչ եմ անում եւ խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ: Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, եւ ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները:։

Բայց եւայնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջեւ ներկայանելու եւ ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երեւան: Կոչ եմ անում եւ խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին:

Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու եւ իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին եւ դրանց լուծման մեխանիզմներին, քան որեւէ այլ թեկնածու»:

Առնչվող Հոդվածներ