Հասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումից հետո հնարավոր է՝ ավագանու անդամները զրկվեն մյուս աշխատանքից. քաղաքապետարանը դա բացառելու համար օրենքի նախագիծ է մշակել

Բոլոր համայնքներում ավագանու անդամները հասարակական հիմունքներով աշխատող հանրային ծառայողներ են և դրա համար չեն ստանում աշխատավարձ, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որ պետք է ստեղծվի կոնկրետ դեպքերով, քննության է առնելու այն փաստը, որ հանրային ծառայողը վճարովի այլ աշխատանք է կատարում: Դա էլ անհամատեղելի է դառնում պաշտոն զբաղեցնելու հետ, այդ պատճառով անհրաժեշտ եղավ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանը`անդրադառնալով իրենց նախաձեռնությանը, որ ավագանու անդամներին թույլ տրվի պաշտոն զբաղեցնել պետական կամ ՏԻՄ մարմիններում:

«Գործող օրենքով ստացվում է` ավագանու անդամը չի կարող աշխատել որպես ավագանի, կա՛մ ինքը պետք է հրաժարվի ավագանու անդամ լինելուց, կա՛մ պետք է դուրս գա իր հիմնական գործից: Այժմ ավագանու անդամն աշխատավարձ չի ստանում, ծախսերի դիմաց ստանում է 55 հազար դրամ: Այսինքն` կատարում են աշխատանք, բայց չեն վարձատրվում, բայց նրանք իրավունք ունեն իրենց հիմնական աշխատանքն ունենալ, քանի որ հասարակական հիմունքներով են աշխատում»,- նշեց նա և հավելեց, որ հիմա, եթե ավագանու անդամները վճարովի հիմնական գործ ունեն, չեն կարող զբաղեցնել նման պաշտոն:

Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը բացառապես Երևանի քաղաքապետարանինն է:

Դիտարկմանը` նպատակն այն է, որ ավագանու անդամները կարողանան և՛ պետական պաշտոն զբաղեցնել, և՛ շարունակել մնալ ավագանու անդամ, նա պատասխանեց. «Սա մեր առաջարկն է, հիմա թե կառավարությունը ինչը նպատակահարմար կգտնի թողնել, չգիտենք: Գուցե առաջարկի միայն մասնավոր ոլորտում կարողանա աշխատել, պետական ոլորտներում`ոչ:

Թե ինչ լուծում կգտնի կառավարությունը, չգիտենք: Մենք բարձրաձայնել ենք այդ խնդիրը, օրենքի նախագիծ ենք մշակել, ներկայացրել, բայց դա չի նշանակում, որ կառավարությունն այդ խմբագրությամբ օրենքի նախագիծը ներկայացնելու է ԱԺ:  Սա քննարկման նպատակով է ներկայացված»:

Ա. Մանուկյանը հավելեց, որ ավագանու անդամի աշխատանքը պետք է հիմնական լինի,  և նրանք էլ վարձատրվեն այնպես, ինչպես ԱԺ պատգամավորները: «Պետք է նրանք լինեն պրոֆեսիոնալ ավագանու անդամ, դա հիմնական աշխատանք համարվի, ու դրա համար վարձատրություն ստանան»,- ասաց նա:

Սակայն վերջինս նշեց, որ իր այս ցանկությունը նախագծում չեն ընդգրկել: «Զուտ առաջարկել ենք՝ ավագանու անդամների համար բացառություն սահմանվի, անհամատեղելիությունն իրենց վրա չտարածվի այն դեպքում, եթե այլ վճարովի պաշտոն են զբաղեցնում»,- նշեց նա:

Դիտարկմանը` հիմա էլ կարող են այլ աշխատանք զբաղեցնել մասնավոր ոլորտում, նա պատասխանեց, որ խնդիրը կոռուպցիայի կանխարգելման կենտրոնն է, որ պետք է առաջիկայում ձևավորվի: «Եթե մոտ ժամանակներս ստեղծվեց այդ կենտրոնը, պետք է անդրադառնա այս հարցին, ուստի խնդիրներ կարող են առաջանալ: Այս պահի դրությամբ դեռևս ստեղծված չէ այդ կենտրոնը, բայց եթե ստեղծվեց, իրենց գործառույթների մեջ մտնում է նաև հանրային ծառայողների հետ կապված հարցերի քննարկումը, լուծումը: Այսինքն՝ եթե այս մարդիկ աշխատում են որևէ ՍՊԸ-ում, ստացվում է՝ կզրկվեն աշխատանքից: Դրան է ուղղված այս նախագիծը, որ մարդիկ կարողանան և՛ավագանի աշխատել, և՛ վարձատրություն ստանալ, և՛ հիմնական աշխատավարձ այլ աշխատավայրում»,- եզրափակեց նա:

Նշենք, որ E-draft.am կայքում հրապարակվել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, որի համաձայն ավագանու անդամները կարող են զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում և առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը գործող օրենքով արգելված է:

Ամալյա Առաքելյան

www.tert.am

Առնչվող Հոդվածներ