Քաղաքականություն

Կրեմլը Նիկոլին համարում է հայկական Նավալնի և հերթական մեսիջն ուղարկում հայ ժողովրդին. 7or.am

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Ռուսաստանի պաշտոնական քարոզչամեքենայի դրոշակակիր «Ռաշա թըդեյը»՝ RT–ն, ֆիլմ ցուցադրեց՝ «Փոփոխությունների գինը» խոսուն վերնագրով։

Ֆիլմն այն մասին էր, թե ինչ գին վճարեցին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը փողոցային մանիպուլյացիաների միջոցով իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Դա պաշտոնական Կրեմլի գնահատականն ու վերաբերմունքն է Նիկոլի նկատմամբ։ Այս մասին գրում է 7or.am-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանական համակարգում կարևոր տեղ զբաղեցնող RT–ն այդ ֆիլմը թողարկելով ոչ միայն գնահատական է տվել Նիկոլի վարած եռամյա քաղաքականությանը, այլ նաև ցույց տվել Ռուսաստանի քաղաքացիներին, թե ինչ է լինում փողոցային մանիպուլյատորների ու էժանագին պոպուլիստների իշխանության գալու արդյունքում։ Պատահական չէ, որ ֆիլմում Նիկոլը համեմատվում է արևմտյան բացահայտ դրածո, պոպուլիստ ու ամբոխավար Ալեքսեյ Նավալնու հետ։ Նիկոլն, ըստ պաշտոնական Մոսկվայի, հայկական Նավալնին է, իսկ Նավալնին՝ ռուսական Նիկոլը։ Երկուսն էլ դրածոներ են, կատարում են 5–րդ շարասյան ֆունկցիա և աշխատում հակառակորդ երկրների օգտին։

Առիթներ ունեցել ենք գրելու, որ «էն գլխից» էլ պարզ էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունների ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ղեկավարության միջև ներդաշնակություն չի հաստատվելու և դա ազդելու է մեզ վրա։

ՀՀ և ՌԴ իշխանությունները միշտ ունիսոն են եղել։ Չի եղել, այսպես կոչված, դասակարգային հակադրություն։ Տեր–Պետրոսյան–Ելցին, Քոչարյան–Պուտին, Սարգսյան–Մեդվեդև հարաբերություններում ներդաշնակություն կար և չկար «դասակարգային» անտոգոնիզմ։

Այլ է խնդիրը Փաշինյան–Պուտին հարաբերություններում։ Տարբեր են և՛ անցած ճանապարհները, և՛ քաղաքական ծագումնաբանությունը, և՛ տեսակները, և՛ մտածողությունը։ Մոսկվան սա ամեն կերպ ցույց է տալիս՝ ժամանակին հորդորներ ու մեսիջներ հղելով հայ ժողովրդին։

Նիկոլն իշխանության է եկել որպես հակառուսական գործիչ, որը մեր տարածաշրջանում նշանակում է թուրքամետություն։ Այդ թուրքամետության հետևանքն էր ՀԱՊԿ դեմ նիկոլական կեղտոտ արշավը, հայ–ռուսական հարաբերությունների վատացումը, պատերազմը, Արցախի հսկայական տարածքների ու պետականության կորուստը, հազարավոր մեր տղաների մահը, կապիտուլյացիան և Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում կապիտուլյացիան շարունակվելու է և հանգեցնի արդեն Հայաստանի պետականության կորստին (այդ պետականությունն այժմ ֆորմալ առումով պահպանվում է բացառապես ռուսական գործոնի պատճառով)։ Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքական վերնախավն այս ամենը, պարզ կդառնա շատ շուտով։

Առնչվող Հոդվածներ