Հասարակություն

Հայաստանի հակառակորդների համար սա թերեւս ամենամեծ հարվածն էր:

Հայաստանը հայտարարել է իր շահերի մասին. որտեղ կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնվել են հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, նշված է ՄԽ համանախագահների՝ վերջերս տարածած հաղորդագրությունում: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ համաձայնվել է առանց օրակարգի հանդիպմանը, քանի որ բանակցություններ չեն լինելու, որովհետեւ որոշված չէ ձեւաչափը:

Այսպես թե այնպես, սա Փաշինյանի ու Ալիեւի առաջին հանդիպումն է լինելու ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով. Դուշանբեի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, ինչպես նշում են ռուս փորձագետները, կազմակերպել է Վլադիմիր Պուտինը, իսկ Դավոսի հանդիպումը՝ եվրոպացիները: Այս հանդիպումներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկա չեն եղել:

Հիմա, հավանաբար, եկել է ԵԱՀԿ շրջանակում հանդիպելու ժամանակը: Հունվարին նշվում էր, որ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում՝ չնայած որոշակի ժամկետներ չեն նշվել: Այն, որ ԱՄՆ-ն շահագրգռված է բանակցությունների կազմակերպիչ դառնալ, անուղղակի վկայում է նաեւ Մինսկի խմբի նախկին համանախագահներ Ռիչարդ Հոգլանդի եւ Ջեյմս Ուորլիքի անսպասելի ակտիվությունը: Երկուսն էլ մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են «Լավրովի պլանի» առկայության մասին, որը Ռուսաստանը համառորեն հերքում է:

Ամերիկացի նախկին համանախագահների հայտարարությունները նման են արտահոսքի, որոնք սովորաբար հանգեցնում են որոշ ծրագրերի արդիականության կորստի: Եթե նախագծի մասին խոսում են հանրայնորեն, ուրեմն այն արդեն չի քննարկվում. այդպիսին է ավանդույթը: Սակայն հայտնի չէ՝ արդյոք ամերիկացիները նոր նախագիծ ունեն:

Այսպես թե այնպես, մինչեւ Ալիեւի հետ հանդիպումը հայկական կողմը մի շարք կարեւոր քայլեր է արել, որոնք վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության ինքնիշխանացման մասին: Առաջին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն է արել Իրան այցի ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Իրանի հետ ինքնիշխան էներգետիկ համագործակցություն զարգացնել: Սպահանի հայ համայնքի հետ հանդիպմանն էլ նա ասել է, որ այսուհետ չկան Հայաստանի ու սփյուռքի առանձին օրակարգեր, կա համազգային օրակարգ: Փաստացի, Փաշինյանը Հայաստանի գործընկերներին ու հակառակորդներին հասկացնել է տալիս, որ գործ են ունենալու ոչ թե Հայաստանի, այլ ողջ հայության հետ:

Նույն օրը ռուսական Պետդումայի ամբիոնից ելույթ է ունեցել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, որը հստակ ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան շահերը՝ հայտարարելով, որ դրանք թելադրված չեն ոչ ոքի կողմից եւ ուղղված չեն որեւէ մեկի դեմ: Դա նման էր Ռուսաստանին ուղղված վերջնագրի՝ կամ ճանաչում եք մեր ինքնիշխան շահերը, կամ էլ ստիպված ենք լինելու մտածել ռազմավարական գործընկերության մասին:

Մեկ այլ կարեւոր հայտարարություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որն Արցախում հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հող հանձնել եւ հայտարարել է Արաքսի ափին նոր բնակավայրի շինարարության մասին:

Մինչ այդ, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանն այսուհետ իր դոկտրինում դիտարկելու է ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ հարձակողական գործողություններ:

Այսպիսով, Հայաստանն Ալիեւի հետ բանակցություններից առաջ հայտարարել է իր շահերի ու մտադրությունների մասին, որոնք հանգում են հետեւյալին՝ մեր ներուժը չի սահմանափակվում միայն Հայաստանով ու Արցախով, տարածքային զիջումներ չեն քննարկվում, պատերազմի դեպքում կիրառելու ենք հարձակողական սպառազինություն, բայց ամենագլխավորը՝ Հայաստանը չի գործելու որեւէ մեկի թելադրանքով, այլ ղեկավարվելու է սեփական շահերով:

Հայաստանի հակառակորդների համար սա թերեւս ամենամեծ հարվածն է, որովհետեւ չի կարելի նախատել մեկին, ով կանգնած է սեփական բնական շահերի պաշտպանության դիրքում:

Առնչվող Հոդվածներ