Տնտեսական

«Հայաստանում չեն հասցնում բիզնես գրանցել, հարկայինը գալիս գլխին կանգնում է». Նաիրա Մանուկյան

ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հույս ունի նոր խորհրդարանի հետ ակտիվ համագործակցության և օրենքների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածության: 168.am-ի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ Նաիրա Մանուկյանը նշեց, որ ԱԺ-ՓՄՁ խորհրդի առաջին հանդիպումը նախատեսվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:

Հիեցնենք, որ ԱԺ-ՓՄՁ խորհուրդը ստեղծվել է այս տարվա ապրիլի սկզբին:

«Նոր խորհրդարանի հետ կապված ավելի մեծ հույսեր ունենք, որ կարող ենք ազդել օրենքների մշակման վրա»,- ասաց Ն.Մանուկյանը:

Ըստ նրա՝ բիզնեսի առաջնահերթ պահանջն այսօր հարկային բեռի նվազեցումն է, որպեսզի բիզնեսը կարողանա ամբողջովին դուրս գալ օրինական դաշտ. «Որպես արտերկրներում էլ աշխատած և ապրած անձ՝ կարծում եմ, որ ՀՀ-ի համար հարկերը շատ բարձր են, և դա կապված չէ միայն ստվերի հետ, այլ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար պետք է հարկերը պակասեցնել, որպեսզի առավելություն տրվի բիզնեսին, որովհետև ամբողջ զարգացած աշխարհում փոքր բիզնեսներն են տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը»:

Ն.Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանում եկամտային հարկը չափազանց բարձր է, և նույնիսկ նոր հարկային օրենսգրքով նախատեսվող որոշակի աստիճանական նվազեցումը (2019 թ. հուլիսի 1-ից՝ 23%, 2023 թ.՝ 20 %) բավարար չէ, և, օրինակ, բիզնեսը կողջուներ 10% եկամտային հարկը.

«Ինչքան քիչ՝ այնքան լավ»:

Նա նշեց, որ խնդիրները շատ են, օրինակ, ծախսերը ցույց տալու ձևերը բարդ են, շատ ծախսեր ընդհանրապես հարկայինը չի ընդունում՝ որպես ծախս. «Հայաստանում չեն հասցնում բիզնես գրանցել, հարկայինը գալիս գլխին կանգնում է, կարծում են, թե անօրինական են աշխատելու»:

Ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ հարկային նոր օրենսգիրքը կարող է քչացնել խնդիրները, բայց հարկային բեռի տոկոսները շատ չեն փոփոխվելու և բարձր են:

Առնչվող Հոդվածներ