Քաղաքականություն

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՊԱՀԵԼ» ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՏՆՕՐԵՆԻՆ:

Երեւանի թիվ 19 պոլիկլինիկայում աշխատողների մեծ մասը շարունակում են պայքարը տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ: Ըստ աշխատակիցների՝ Սարգսյանի լիազորությունները դադարեցնել կարող է միայն քաղաքապետարանը․ «Իրենք չեն կարող լիազորությունները կասեցնել, դա միայն կարող է անել քաղաքապետարանը։

Բաբինյանի հետ հանդիպման ժամանակ պարզվեց,որ իբր պայմանագիրը երկարացվել է մինչև հունիս,իսկ քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ փոխքաղաքապետը հայտարարեց փետրվարի 11֊ին լրացել է առաջին 5 տարվա ժամկետը, իսկ 2֊րդ փուլը գտնվում է «պաուզայի» մեջ։ 12֊ին տնօրենը անհայտ հանգամանքներում ստանում է դաստակի կոտրվածք և ստացիոնարում բացում անաշխատունակության թերթիկ, իսկ իր եղբայրը, որը շարունակում է աշխատել, տարածում է, որ իր «խեղճ» եղբայրը շատ ծանր վիրահատություն է տարել։ Այժմ տնօրենին փոխարինում է փոխտնօրեն Ն.Առաքելյանը,սակայն «տնօրենը» ամեն օր գալիս է աշխատանքի՝ շանտաժ անելով «բողոքավոր» աշխատողներին, և դեռ ավելին՝ միաժամանակ գնում է կառավարման դասընթացների, որը պիտի աներ սեպտեմբերին, քանի որ լիցենզիան լրացել է սեպտեմբերի 4֊ին»։

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Կառավարումը լրանում է 2019 թվականի հունիսի 6-ին»։

Նա նաեւ հերքեց աշխատողների փոխանցած տեղեկությունը, թե Սարգսյանի կառավարման ժամկետը լրացել է անցած սեպտեմբերին․ «Ոչ, չի երկարացվել։ Ժամնկետը՝ 5 տարին, լրանում է 2019 թվականի հունիսի 6-ին, բայց դե հիմա քրեական գործ է ընթանում, դա գիտեք։ Քննությունը կասի՝ ինչ ա, ոնց ա, էդքան բան»։

19 պոլիկլինիկայի հարցերով մշտապես զբաղվող քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Սարգսյանի կառավարման ժամկետի լրանալուն՝ ասաց․ «Պայմանագիրն ուզել եմ, կտան, կհասկանանք»։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ հիմքերի առկայության դեպքում քաղաքապետարանը կարող է պայմանագիրը խզել, սակայն թիվ 19 պոլիկլինիկայի դեպքում հնարավոր չէ․ «Դա միակ դեպքն է ամբողջ քաղաքում, որ տրված է հավատարմագրային կառավարման Ս․Սարգսյանին պատկանող ընկերությանը և այդ ընկերությունն է նրան տնօրեն նշանակել։ Այսինքն՝ քաղաքապետարանը պետք է հետ վերցնի կառավարումից»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հետ չի  վերցնում, խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Մենք էլ դա ենք ասում, ինչո՞ւ չես վերցնում, հարգելի քաղաքապետ։  Քրեական գործը հարուցված է, առերևույթ նաև ապացուցված, աշխատողները ցուցմունքներ տվել են։  Ինչո՞ւ լրատվամիջոցներին տրված տարածքը կփորձեն վերցնել, իսկ հավատարմագրային կառավարման տված պոլիկլինիկան՝ ոչ»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Սամվել Սարգսյանի հետ, սակայն պոլիկլինիկայից փոխանցեցին, որ նա տեղում չէ։

Նշենք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։  Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկիլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում:
Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:

Ձեռք բերված  ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Առնչվող Հոդվածներ