Uncategorized

Հայկ Սարգսյանի գործը քննող դատավորը «մեղադրվում է» հետախուզման մեջ գտնվող անձին ազատ արձակելու մեջ:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննության է առել Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը:

Աննա Դանիբեկյանն քննում է Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործը, սակայն հանձնաժողովի միջնորդությունը կապված է դատավորի քննած մեկ այլ գործի հետ։ 2018 թ-ի մայիսի 24-ին Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մարինա Սմիրնովնային, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավասու մարմինների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի մեղադրանքով: Նրա նկատմամբ ընտրված է եղել կալանավորումը որպես խափանման միջոց, սակայն Հայաստանում նրա ձերբակալվելուց հետո պաշտպանները բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ձերբակալման իրավաչափությունը:

Աննա Դանիբեկյանը քննելով ներկայացված բողոքը, բավարարել է պաշտպանների միջնորդությունը՝ գտնելով, որ ձերբակալությունն իրավաչափ չէ։ Սմիրնովնան ազատ է արձակվել, որից հետո առանց պատշաճ փաստաթղթերի լքել Հայասանը: ԲԴԽ նիստում դատավոր Դանիբեկյանը պարզաբանելով իր որոշումը նշեց, որ անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու հիմք է համարել այն, որ դատարանին չի ներկայացվել Սմիրնովնայի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվելու մասին օտարերկրյա պետության իրավասու դատարանի որոշման հայերեն պատշաճ թարգմանությունը։ «Դրա բացակայության պայմաններում դատարանը չէր կարող եզրահանգվել Սմիրնովնայի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքի և նպատակի առկայության մասին»,-ասել է դատավորը: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մարտի 14-ին:

Առնչվող Հոդվածներ