Հասարակություն
«Հանուն Հրանտի, հանուն արդարության». Ստամբուլում մեկնարկել է Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը (լուսանկարներ):


Ստամբուլում րոպեներ առաջ մեկնարկել է պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ակօս»-ը, միջոցառումն ամեն տարվա պես տեղի է ունենում Հրանտ Դինքի սպանության վայրում՝ «Ակօսի» նախկին խմբագրատան դիմաց: Ամեն տարի Դինքի հազարավոր համախոհներ հավաքվում են նույն վայրում՝ Դինքի սպանվելու ժամին՝ 15:05-ին:
Այս անգամ նույնպես միջոցառմանը ներկա են բազմաթիվ հայ, թուրք, քուրդ և այլազգի մտավորականներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ և իրավապաշտպաններ ու պարզապես հասարակ քաղաքացիներ:
Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայում, որտեղ տեղի է ունենում միջոցառումը, շենքերից կախված են «Հրանտ 12», «Չենք հրաժարվի, ախպարի՛կ», «Արդարություն ենք ուզում», «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրություններով բազմաթիվ պաստառներ:
Հայտնի է, որ Հրանտ Դինքի հիշատակին երթեր են սպասվում նաև մայրաքաղաք Անկարայում, Իզմիր և Դատչա քաղաքներում:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը թուրք ազգայնականի կրակոցով սպանվել է 2007 թվականին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:
Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է մինչ օրս:
