Հասարակություն

Հանրայինի լրագրողը կդիմի դատարան.

Օրեր առաջ Պետրոս Ղազարյանն ազատել է աշխատանքից լրատվական բաժնի աշխատող Լիանա Կարապետյանին: Մեզ հետ զրույցում Պետրոս Ղազարյանը նշել էր, որ ոչ մի անձնական խնդիրներ չունի հեռացվող լրագրողների հետ.«Ես նշել էի , որ լինելու են կադրային փոփոխություններ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-մեզ հետ զրույցում ասել էր Ղազարյանը: Րոպեներ առաջ էլ Լիանա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել է, որ իր հաստիքի անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի և հայցն արդեն դատարանում է.« Հարգելիներս, #Հանրային_հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի… Հայցն արդեն դատարանում է… Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ։ Համբերությունս ծով է, վկայությունը-հարիսա եմ պատրաստում, համեցեք»,-գրառման մեջ նշել է Կարապետյանը:

Ավելի վաղ Լիանա Կարապետյանը հայտնել էր մանրամասներ իր՝ աշխատանքից հեռացման մասին: “ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՄ”-#ՊետրոսՂազարյան 20 տարի #Հանրայինհեռուստաընկերության լրատվականում աշխատելուց հետո, #Լուրեր -ի այսօրվա տնօրեն #ՊետրոսՂազարյանն , ընտրության անհայտ չափորոշիչներով, որոշեց չաշխատել ինձ հետ։ Չեն հեռացրել, որովհետև հիմնավոր պատճառ էր պետք դրա համար, ինչը գոյություն չունի, այլապես կասվեր։ Չեմ ազատվել իմ դիմումի համաձայն, որովհետև հեռուստալրագրությունն ամբողջ կյանքիս սիրելի գործն է, իսկ Հանրային հեռուստատեսությունը՝ տուն, որտեղ 17 տարեկանից անցել են 25 տարիներս (մինչև լրատվականը թղթակցել, հետո աշխատել եմ Հ1 “Մայրաքաղաք” ծրագրում)… Լիանա Կարապետյանին ուղղակի ԿՐՃԱՏԵԼ են՝ առանց հիմնավորման… Միակ պատասխանը, որ ստացա #ՊետրոսՂազարյանից՝ “ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՄ”…

Բրավո, Պետրոս, քեզ համար շատ համարձակ պատասխան է, բայց մասնագիտական բարձր նշաձող պահած լրագրողի “ինչու՞ի” պատասխան չէ դա։ Այս կրճատումը կամայականություն է Հ1 լրատվականի 20 տարվա փորձառությամբ լրագրողի նկատմամբ։ “ՀԻՆ ԱՇԽԱՏՈՂԸ” պրոֆեսիոնալ է, որի մասնագիտական կարիերան, անուն ազգանունը կեղտոտված չէ քաղաքական պատվերներով, սկանդալային, դավադիր պատմություններով, սև փիարներով, որը 20 տարվա ընթացքում գրավոր զգուշացում, նկատողություն չի ստացել, զեկուցագիր չի գրել, աշխատանքային ձախողումներ չունի…  Նախկին տնօրեններիցս մեկը մի առիթով ասաց,-Ամեն ինչ անում ես, որ մարդիկ սիրեն քեզ… Այո, իսկ լրագրողի համար կա՞ ավելի կարևոր գնահատանք, քան հեռուստադիտողի սերը… Դա իհարկե ամենքին տրված չէ հասկանալ… Այո ինձ սիրում են, որովհետև աշխատել եմ կյանքի ամենատարբեր աստիճաններին կանգնած մարդկանց հետ ու նրանց համար։

Լրագրության ոսկե կանոն է՝ “ՍԻՐԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻԴ”, ինչն ինձ համար ելակետ է եղել և մնում։ Առանց հիմնավորման հաստիքիս կրճատումն իհարկե տհաճ է, մանավանդ որ հազար ու մի նոր պատմությունների համար արդեն պայմանավորված հարցազրույցներ և այցելություններ չեղարկեցի։ Նկատենք՝ պայմանագիրս խզելու են մարտի 1-ին, բայց կրճատման մասին ծանուցումից հետո ասվեց՝ այլևս ձայնդ, անուն ազգանունդ եթերում չպետք է լսվի․․․ Ավելին, #ՊետրոսՂազարյանը հրահանգեց ազատել աշխատանքային սեղանն ու համակարգիչը, որովհետև դրանք պետք են #Լուրերի նորեկներին։ Հրահանգեց նաև չմտնել նյուզրում, որպեսզի, նոր աշխատողների հետ “կոնֆլիկտ” չլինի․․․

Զավեշտն այսքանով չի ավարտվում․ կրճատված լրագրողներին “պատիվ արեցին” մի “մեկուսարան-սենյակ” (որտեղ այդպես էլ չմտա), որ մյուսների հետ առնչություն չունենանք, անմիջապես հեռացրեցին #Լուրերի լրագրողների չատից, արգելափակեցին նաև լրահոսի էլեկտրոնային փոստը․․․ Հավանաբար գործ ունեն բորոտների կամ հատուկ վտանգավոր հանցագործների հետ, որոնք կարող են վնասել, խաթարել #Լուրերի աշխատանքը․․․ Հոգ չէ, ես թևաթափ չեմ, այս ամենը համարում եմ հերթական հետաքննական մի ռեպորտաժ, որ պիտի ստանա կամայական որոշումից բխած բոլոր հարցերի պատասխանները․․․ Սա ինձ համար հրաշալի փորձություն է․․․ Լավ եղեք, կհանդիպենք․․․

 

Առնչվող Հոդվածներ