Պաշտոնական

Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում. դրա համար հատկացվել է 71 մլն դրամ

Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Երեւանի Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու:

35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղեւնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ավելի ուշ նա հավելել է, որ տոնածառի համար անհրաժեշտ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից՝ մոտ 71 միլիոն դրամ (կամ մոտ 146 հազար դոլար): Սոցիալական ցանցերում այս թիվը հարուցել է տարատեսակ քննարկումներ: Սկզբում ոգեւորություն էր, քանի որ երկար տարիներ անց ի վերջո նոր տոնածառ է տեղադրվում, բայց հետո այդ տրամադրությունները տեղի տվեցին կատարված հատկացումների ֆոնին: Օգտատերերը հիշեցին, որ ժամանակին դժգոհում էին այդ նպատակի համար 20 միլիոն դրամ հատկացվելուց՝ դա համարելով հարկատուների հաշվին ավելորդ շռայլություն:

«Արմենպրես»-ի արխիվային նյութերից տեղեկանում ենք, որ օրինակ նույն 2005 թվականին Տոնական միջոցառումների կազմակերպման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 20-25 միլիոն դրամ: Առանձին տոնածառի համար նախատեսված ծախսը չի նշվում: Արդեն օրինակ 2014-ին տոնական միջոցառումների ու ծրագրերի համար համայնքային բյուջեից, դարձյալ ընդհանուր առմամբ, հատկացվել է 48 միլիոն դրամ: 2013-ին այդ գումարը կազմել է 60 միլիոն:

iravaban.net-ի արխիվային նյութերում մասնավորացվում է զուտ տոնածառի տեղադրման համար նախատեսված հատկացումները: Ըստ այդմ, 2014, 2015, 2016 թվականներին մայրաքաղաքում (տարբեր վարչական շրջաններում-խմբ.) տոնածառերի տեղադրման եւ ձեւավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով յուրաքանչյուր տարի Երեւանի բյուջեից հատկացվել է շուրջ 22 միլիոն դրամ կամ շուրջ 46 000 դոլար: Այս գումարի 13.45 միլիոն դրամը (շուրջ 28 հազար դոլար) հատկացվել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձեւավորման համար:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, այսօր պատասխանելով մեր ճշտող հարցին, հաստատեց, որ այս տարի հատկացված 71 միլիոն դրամը միայն նոր տոնածառ ունենալու ծախսն է: Տոնական միջոցառումների համար հավելյալ ծախսեր կպահանջվեն:

Առնչվող Հոդվածներ